.jpg)
Օսկանյան. Խոստանում եմ` քաղաքապետ դառնալու դեպքում գործի կգնամ ավտոբուսով
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու, պատգամավոր Վարդան Օսկանյանն առանձնացրեց այն երեք կարևորագույն խնդիրները, որոնք կլուծի առաջինը, եթե քաղաքապետ լինելու հնարավորություն ունենա.
«Ուշադիր եղեք` իմ նշվելիք երեք կետերն էլ կապ չունեն բյուջետային խնդիրների հետ: Ես նախ և առաջ կփոխեմ կառավարման փիլիսոփայությունը: Այսօր ժողովրդի ու կառավարողի նպատակները տարբեր են: Կնույնացնեմ դրանք: Երկրորդ` ուշադրության թիրախում կպահեմ քաղաքացուն, և երրորդ` կվերացնեմ անիմաստ բյուրոկրատական քաշքշուկը»:
Վարդան Օսկանյանն անդրադարձավ նաև քաղաքապետ-քաղաքացի շփմանը: Նրա կարծիքով՝ քաղաքապետը շաբաթական գոնե երկու անգամ պետք է դուրս գա իր աշխատասենյակից ու շրջի քաղաքով` խոսի մարդկանց հետ:
«Քաղաքապետը նախագահ չէ, չպիտի թիկնազոր ունենա ու պիտի սովորական քաղաքացի լինի: Քաղաքապետը պետք է անձամբ ծանոթ լինի քաղաքացու խնդիրներին, աշխատանքի գնա քաղաքային տրանսպորտով: Այ այսքան մարդու մոտ խոստանում եմ` ես Մաշտոցի պողոտայում եմ ապրում ու եթե քաղաքապետ դառնամ, շաբաթական առնվազն երկու օր աշխատանքի կգնամ ավտոբուսով»,- ասաց Վարդան Օսկանյանը: