.jpg)
Վ. Օսկանյան. ԲՀԿ-ն պետք է գնահատել վերջին մեկ տարվա գործունեությամբ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեությանը գնահատական պետք է տալ միայն վերջին տարվա կտրվածքով, այն պահից, երբ խորհրդարանական ընտրություններից առաջ ԲՀԿ-ն փոխեց իր քաղաքական կուրսն ու դուրս եկավ կոալիցիայից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը.
«Քաղաքականության մեջ երկու ուժերի՝ իրարից բաժանվելն ու հետագայում իրար քննադատելը նորմալ երևույթ է, հասկացեք դա: Եվ հիմա ասել, թե ինչ են արել ներկայիս ավագանու ԲՀԿ-ական 17 անդամներն անցած 4 տարիների ընթացքում` սխալ է : Այն ժամանակ բոլորվին այլ ԲՀԿ էր»,- ասաց Վարդան Օսկանյանն ու ավելացրեց.
«Այսօր ԲՀԿ-ն հանդես է գալիս այլ տեսակետներով` այլընտրանքային, իսկ ինձ հարցնեք` ընդդիմադիր: Եկեք չվախենանք ընդդիմություն բառից: Ընդդիմությունը ուզում է ինչ-որ բան անել երկրի իրավիճակի լավացման համար»:
Վարդան Օսկանյանն անդրադարձավ նաև կոալիցիայի գործունեությանը՝ ընդգծելով, որ այսօր Հայաստանում կա մեկ քաղաքական ուժ, որը մեծամասնություն է և մյուսներ, որոնք ֆոն են կազմում, այդ թվում` կոալիցիայի կազմում.
«Վաղը, եթե անգամ ՕԵԿ-ը հանդես կգա ընդդիմադիր դիրքերից, ես անձամբ չեմ ասի` դուք ժամանակին սենց եք արել, սենց եք ասել: Պետք է հասկանալ, որ կոալիցիայում նրանք դեմ քվեարկեն, թե` ոչ, բան չի փոխվի: Այլ ուժի կողմից կա մեծամասնություն»,- ասաց Վարդան Օսկանյանը: