.jpg)
Նասրալլահ. «Հեզբոլլահն» օգնում է Բաշար Ասադին
Լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլահն առաջին անգամ հաստատել է, որ կազմակերպությունն օգնում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և շարունակելու է նրա կողքին մնալ: Այս մասին հայտնում է Guardian-ը:
«Սիրիան տարածաշրջանում և աշխարհում ունի իրական ընկերներ , որոնք չեն թողնի, որ այն ընկնի Ամերիկայի, Իսրայելի կամ Թաքֆիր (ծայրահեղական) խմբավորման ձեռքը»,- «Հեզբոլլահի» al-Manar հեռուստատեսությամբ հայտարարել է Նասրալլահը՝ ավելացնելով, որ Սիրիայի աջակիցներ Ռուսաստանը և Իրանը անհրաժեշտության դեպքում կմիջամտեն՝ կանխելու Սիրիայի պարտությունը:
Լիբանանյան խմբավորման ներկայացուցիչը նաև թերահավատորեն է մոտեցել Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենք կիրառելու փաստին: «Սա խաղ է, որի նպատակն է ապահովել օտար երկրի ներխուժումը: Սակայն ռազմական սցենարի խաղադրույքը մեծ ավանտյուրա է»,- ասել է Նասրալլահը՝ նշելով, որ ճգնաժամի միակ լուծումը քաղաքական գործընթացն է:
«Հեզբոլլահի» առաջնորդը նաև հայտարարել է, որ Սիրիայում իրանցի զինվորներ չկան: «Այժմ այնտեղ պայքարում է սիրիացի ժողովուրդը»,- ասել է Նասրալլահը՝ ակնարկելով, որ եթե իրավիճակը ավելի վտանգավոր դառնա, այդ ժամանակ կազմակերպությունը և այլ ուժեր պետք է ակտիվ միջամտեն հակամարտությանը: