.jpg)
Ծառատունկով ամեն ինչ սկսում է. Դիլիջանում տնկվեց հազար ծառ
Այսօր Դիլիջան ազգային պարկի Դիլիջան տեղամասում շուրջ մեկ հա տարածքի վրա տնկվեց հազար լորենի և հացենի: Վերջին տարիներին պարկում կատարվում է անտառվերականգնման աշխատանքներ. Այս տարի արդեն յոթ հա-ի վրա ծառատնկում է իրականացվել: Ծառատնկման աշխատանքներին մասնակցեց ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Դիլիջան ազգային պարկի և բնապահպանության նախարարության աշխատակիցներ:
Արամ Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում ծառատունկը մայիսի մեկին իրականացնելը համարեց խորհրդանշական, նաև հիշեցրեց հին ասացվածքը` պետք է տուն կառուցել, ծառ տնկել և որդի ունենալ:
«Ծառատնկումով ոչ թե ամեն ինչ ավարտվում է, այլ ամեն ինչ սկսվում է, քանի որ այս ծառերին խնամք է հարկավոր»,- ասաց Ա. Հարությունյանը` հավելելով, որ պարկի աշխատակիցները կջրեն ծառերը և չեն թողնի տարածքը արածեցվի:
«Դիլիջան ազգային պարկի» գիտության գծով տնօրենի տեղակալ Ռոբերտ Բեգլարյանը մանրամասնեց այն գործոնները, որոնց պարագայում ծառերը կապահովեն բարձր կպչողականություն, իսկ թե ինչու է տարածքում տնկվում հացենի և լորենի, նշեց, որ բնությունն իրենն է թելադրում:
Նա նաև նշեց, որ այս տարիներին ընթացող ծառատնկման աշխատանքների արդյունքում ազգային պարկը ստացել է նախկին անտառխտության ցուցանիշները:
Նշենք, որ «Դիլիջան ազգային պարկը» տարածված է 33 765 հա-ի վրա, բաժանված է 3 գոտիների` արգելոցային, ռեկրեացիոն, տնտեսական, 4 տեղամաս ունի` Դիլիջան, Շամախյան, Հաղարծին և Գոշ: