Վ. Բաբայան. Պատվիրված հոդվածներ գրելու համար ուշքներն իրենցը չէ
01/05/2013 15:40

Վ. Բաբայան. Պատվիրված հոդվածներ գրելու համար ուշքներն իրենցը չէ

«Կարծում եմ, բոլոր հնարավոր միջոցներն ու բոլոր տարբերակները մենք օգտագործեցինք, որպեսզի հանրությունը ծանոթանա մեր ծրագրերին ու մոտեցումներին: Բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել հասարակական տարբեր շերտերի հետ ու կարծում եմ՝ վաղվա մեր բազմահազարանոց հանրահավաքը կլինի մեր քարոզարշավի ամփոփումը»,- այսօր, անդրադառնալով նախընտրական քարոզարշավին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը:

Բանախոսն անդրադարձավ նաև ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու մասին լուրերին և նշեց, որ ինքը նորմալ է գնահատում` «մարդիկ պարապ են մնացել, անելիք չունեն և պատվիրված հոդվածներ գրելու համար ուշքներն իրենցը չէ»:

«Ես ցավում եմ, որ «Ժառանգություն» կուսակցության տվյալ ներկայացուցիչը էն կարգի անլուրջ մարդ դուրս եկավ, որ հայտարարում է, թե ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում»,- անդրադառնալով Դ. Սանասարյանի` ԲՀԿ-ի ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ հայտարարությանը, նշեց Վ. Բաբայանը, ապա կարծիք հայտնեց, որ ընտրարշավում «Ժառանգության» ու Ր. Հովհաննիսյանի հույսերը չեն արդարացել և այժմ արդեն ուզում են ԲՀԿ-ի վրա ցեխ շպրտել:

«Կարծում եմ՝ սա շատ անհարիր մոտեցում է և եթե փաստեր կային, թող որևէ մեկը վեր կենար հայտարարեր, որ այսինչ տեղում այսինչ մարդը այսինչ բանն է արել»,- ընդգծեց նա:

Պատգամավորը նաև հավելեց, որ տարբեր հասցեներում մեծ քանակությամբ մարդիկ են գրանցվում: Նրա խոսքով` հայտնաբերվել են դեպքեր, որ մեկ բնակարանի վրա նախագահական ընտրությունների ժամանակ գրանցված է եղել 5 հոգի, իսկ այս պահի դրությամբ այդ թիվը դարձել է 20 կամ 30:
 

Վ. Բաբայան. Պատվիրված հոդվածներ գրելու համար ուշքներն իրենցը չէ