.jpg)
Կենդանաբանական այգու հերթական տարեշրջանը պաշտոնապես բացվել է
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կնոջ և երեխաների հետ մասնակցել է Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանի բացմանը: Ավանդույթի համաձայն, տարեշրջանի բացման կապակցությամբ, քաղաքապետի հանձնարարությամբ կենդանաբանական այգու մուտքը բոլոր մանուկների համար անվճար էր: Փոքրիկ կենդանասերների տոնական բարձր տրամադրությունն ու ուրախ մթնոլորտն էլ ապահովված էր ամենուր: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այգու տարբեր հատվածներում փոքրիկ այցելուների համար կազմակերպվել էին բազմաբնույթ միջոցառումներ: Փոքրիկներին դիմավորում էին հեքիաթների սիրված հերոսներն ու ծաղրածուները:
Այգու տնօրենը քաղաքապետին զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում նախանշված աշխատանքները հիմնականում կատարված են և բոլոր այն պահանջները, որոնք առաջադրվել են քաղաքապետարանի կողմից, հետզհետե կյանքի են կոչվում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ այգու վերակառուցման աշխատանքները շարունակվում են, անելիքներ դեռևս շատ կան: