.jpg)
Աղվան Վարդանյան. Չխաբվե՛ք, դուք ՀՀԿ-ին եք ընտրում, ոչ թե` «լավ տղա Տարոնին»
Ամեն բան շատ պարզ է, ով ուզում է որ երկրում ոչինչ չփոխվի` թող քվեարկի ՀՀԿ-ի ու դրա կողքի փոքր կուսակցության` ՕԵԿ-ի օգտին: Ով փոփոխություն ու այս երկրում ապագա է ուզում, մայիսի հինգին պիտի քվեարկի ՀՅԴ օգտին: Հարցը այսքան պարզ է: Այս բառերով այսօր ՀՅԴ ամփոփիչ հանրահավաքում իր ելույթը սկսեց ՀՅԴ ԳՄ անդամ Աղվան Վարդանյանը:
«Հիմա ինչպես և նախատեսված է` ամփոփեմ քարոզարշավը: Այս օրերի ընթացքում ի՞նչ ենք արել մենք` ներկայացրել ենք Երևանի կառավարման նոր ծրագիր ու բաց ճակատով հանդիպել ենք մարդկանց հետ:
Ի՞նչ է արել իշխանական կուսակցությունը. ձև է արել, թե քարոզարշավ է անում: Ճնշումներ է գործադրել մանկապարտեզների, դպրոցների, պետական հիմնարկների վրա, ու առհասարակ ամբողջ վարչական ռեսուրսը զբաղեցրել է մարդկանց վախեցնելով»,- ասաց Աղվան Վարդանյանը:
ՀՅԴ ԳՄ անդամն ավելացրեց, որ եթե ՀՀԿ-ն այս երկրում ինչ-որ բան զարգացրել է, ապա դա ընտրակաշառքի մեխանիզմն է:
«Ավարտելով՝ ևս մեկ անգամ հիշեցնում եմ` սա անձի ընտրություն չէ, սա կուսակցական ընտրություն է: Այս օրերին ձեզ փորձում են շեղել ու ասել, որ ոչ թե ՀՀԿ-ին եք ընտրում, այլ` «լավ տղա Տարոնին եք ընտրում»: Չխաբվե՛ք»,- ասաց Աղվան Վարդանյանը: