«ՀՅԴ-ն կպաշտպանի ձեր քվեն` թեկուզ մռութներ ջարդելով»
03/05/2013 20:37

«ՀՅԴ-ն կպաշտպանի ձեր քվեն` թեկուզ մռութներ ջարդելով»

Ընտրապայքարի ընթացքում մենք փորձել ենք ձեզ հավատացնել այն արժեքներին, որոնց ինքներս ենք հավատում: Վստահեցնում եմ, ես երբեք չեմ կարողանա կանգնել այս բեմի վրա ու ասել բաներ, որոնց ինքս էլ չեմ հավատում: Այս մասին այսօր ՀՅԴ ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող Արմեն Ռուսատմյանը:

«Նախագահական ընտրություններից հետո ես բազմիցս ասել եմ ընդդիմադիրներին` եկեք միավորվենք ու ընդդիմադիր քաղաքապետ ընտրենք: Ես ասել եմ՝ եկեք ընդդիմադիր ցուցակ կազմենք, ու այդ ցուցակում ՀՅԴ-ին ինչ-որ տեղ տվեք, մենք չենք ուզում լինել առաջինը ցուցակում, մենք ուզում ենք միավորում տեսնել: Բայց միավորումը տեղի չունեցավ: Հիմա նորից եմ ասում` եկեք գոնե ընտրություններից հետո միավորվենք ու ստեղծենք ընդդիմադիր դաշինք»,- ասաց Արմեն Ռուստամյանն ու ավելացրեց, որ ընտրության գնալուց առաջ քաղաքացին պետք է հստակ սևի ու սպիտակի` ընդդիմության ու իշխանության գիտակցում ունենա:

«Հայը միշտ միավորվել է, երբ դանակը ոսկորին է հասել: Հիմա հավատացեք` դանակը ոսկորին շատ մոտ է»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Եզրափակելով ՀՅԴ հանրահավաքը՝ ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանն իր հերթին նշեց, որ մայիսի հինգին ՀՅԴ-ն պայքարելու է արդար ընտրությունների համար ու ամեն բան կանի, որ խախտումներ չլինեն:

«Հիմա կոչ եմ անում ոստիկանությանը, որ ապահովեն ընտրությունների ազատ ու արդար ընթացք, իսկ եթե նրանք անգործություն ցուցաբերեն` մենք ինքներս կպաշտպանենք քաղաքացու քվեն: Այո ՀՅԴ-ն կպաշտպանի ձեր քվեն` թեկուզ մռութներ ջարդելով»,- ավարտեց Արծվիկ Մինասյանը:
 

«ՀՅԴ-ն կպաշտպանի ձեր քվեն` թեկուզ մռութներ ջարդելով»