Գրական բլոգ. Նշան Աբասյան. Երգեր խաղաղական
03/05/2013 20:57

Գրական բլոգ. Նշան Աբասյան. Երգեր խաղաղական

Աշնան մի օր

Աղմուկը խլացավ թիկունքում...
Երևի բոլորը հեռացան,
Երևի լքված եմ հիմա...

Բայց այս ի՜նչ խաղաղ է անձրևում,
ու որքա՜ն խոնարհ է այս քամին...

1 հոկտեմբերի, 2010 թ.


Արթնացում

Ո´չ կասկած, ո´չ վախ,
ո´չ ճիչ, ո´չ կսկիծ,
ո´չ ցնորք, ո´չ տենդ.

մղձավանջ չկա.
փոքրացա՜վ-անցավ...

Լույս:
Ու լույսի մեջ
ինքն իրեն գտած
մի մաքուր սիրտ կա,
հասարակ մի սիրտ`
ո´չ խեղճ, ո´չ հպարտ:

16 հոկտեմբերի, 2010 թ.


* * *

Անծայր դաշտերով
հեռուն է ձգվում
մի լուռ ճանապարհ...

Կեսօրվա կուրծքը
լեցուն է լույսով...

Այնպե՜ս չեմ ուզում
այս մեծ գարունիդ
բառ խառնել,
իմ Տե´ր...

31 հոկտեմբերի, 2010 թ.

Հոգնություն

Որքան մաքուր է
Արցունքը շողում
այս լռության մեջ

ու որքան փափուկ
արև է փռում...

Այնպես սիրուն է
առանձնության հետ
ամաչել
իզուր տրտունջի համար...

21 դեկտեմբերի, 2010 թ.


* * *

Գիշեր է իջել Տաճարի շուրջը, իջել է...
Լռության կրծքին ծղրիդ կա...

26 հունվարի, 2011 թ.

Գրական բլոգ. Նշան Աբասյան. Երգեր խաղաղական