Փորձագետի բլոգ. Խնդիրներ, որ պետք է լուծի նոր քաղաքապետը
03/05/2013 21:02

Փորձագետի բլոգ. Խնդիրներ, որ պետք է լուծի նոր քաղաքապետը

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մոտենում է ավարտին: Գործընթացի մասնակից ուժերի քարոզչական մարտավարությունների և իրականացված քարոզչական տեխնոլոգիաների մասին տարբեր առիթներով խոսվել է, մանրամասն վերլուծվել: Առավել քան կարևոր է, թե ի՞նչ սպասելիքներ ունի շարքային երևանցին ապագա քաղաքապետից՝ անկախ այն հանգամանքից, թե ով կգլխավորի մայրաքաղաքը:

Երևանի առաջնային խնդիրներից մեկը քաղաքի համաչափ զարգացումն է, այն ծրագրերը, նորարարությունները, որոնք որպես կանոն իրագործվում են կենտրոնում պետք է իրենց տրամաբանական շարունակությունն ունենան քաղաքի մյուս վարչական շրջաններում: Պետք է հատուկ ուշադրություն դարձվի քաղաքի ծայրամասային շրջանների զարգացմանը, որոնք իրենց զարգացման մակարդակով 5-6 տարի «հետ են ընկած» որոշ շրջաններից:

Մայրաքաղաքի՝ կարևոր և վերջնական կարգավորում չստացած խնդիրներից է տրանսպորտի հարցը: Ճիշտ է՝ ավտոբուսային պարկը էապես թարմացվել է, սակայն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառով խնդիրը վերջնականապես չի կարգավորվում:

Մայրաքաղաքի և հատկապես ծայրամասային վարչական շրջանների հիմնական խնդիրներից է ճանապարհների ոչ բարվոք վիճակը: Չնայած ամեն տարի որոշակի ծավալներով իրականացվող վերանորոգման ու հիմնանորոգման աշխատանքներին՝ առանց լուրջ հետազոտությունների էլ նկատելի է, որ նորոգված ճանապարհները ժամանակից շուտ շարքից դուրս են գալիս, իսկ մինչև այժմ, համենայդեպս, շարքային քաղաքացուն հայտնի չէ մի փաստ, որ նման անորակի աշխատանքի համար որևէ կազմակերպություն կամ պաշտոնյա պատասխանատվություն կրի:

Քաղաքապետարանի հատուկ ուշադրության կենտրոնում պետք է լինի գնումների գործընթացը, քանզի հիմնական կոռուպցիոն ռսիկերը գտնվում են հենց այս ոլորտում: Թափանցիկության ապահովումը՝ այս տեսանկյունից, անհրաժեշություն է:

Կանաչ գոտիների ավելացման մասին, կարծես թե, բոլորն են խոսում, սակայն համարել, որ այդ հարցում էական փոփոխություն կա, սխալ կլինի: Երևանում կանաչ զանգվածի շեշտակի ավելացումը խիստ անհրաժեշտություն է, նոր քաղաքապետը պարտավոր է այդ ուղղությամբ այնպիսի քայլեր իրականացնել, որոնք նկատելի կլինեն յուրաքանչյուր քաղաքացու համար:

Համատիրությունների աշխատանքը պետք է դարձնել առավել արդյունավետ՝ խիստ վերահսկողություն սահմանելով ինչպես դրանց ղեկավարների, այնպես էլ նրանց իրականացված գործունեության վրա:

Այս խնդիրների լուծումը կախված չէ միայն քաղաքապետի կողմից գործադրած ջանքերից, սրանք խնդիրներ են, որոնք կարող են ամբողջական և արդյունավետ լուծումներ ստանալ ավագանու ամբողջական կազմի կողմից իրականացվող հետևողական աշխատանքների և վերահսկողության շնորհիվ:

Սա մայրաքաղաքում առկա խնդիրների ամբողջական ցանկը չէ, սակայն այս խնդիրների լուծումն իսկապես կարող է փոխել շարքային երևանցու կյանքը:
 

Փորձագետի բլոգ. Խնդիրներ, որ պետք է լուծի նոր քաղաքապետը