.jpg)
Վահան Հովհաննիսյան. Իշխանական թեկնածուի ընկերները ցույց տալու բան չեն
Մի բան կարող եմ ասել` ես հպարտանում եմ ձեզանով` երևանցինե՛ր, հպարտանում եմ իմ ընկերներով, հպարտանում եմ այն հանգամանքով, որ իրավունք ունեմ հպարտանալ ձեզանով ու իմ ընկերներով: Այս խոսքերով այսօր Երևանի Ազնավուրի անվան հրապարակում ՀՅԴ ամփոփիչ հանրահավաքին իր ելույթը սկսեց ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանը.
«Նախագահական ընտրությունների ժամանակ մենք տեսանք, որ իշխանական թեկնածուն աշխատում էր ամեն տեղ միայնակ երևալ, որովհետև նրա ընկերները ցույց տալու բան չեն: Այսօր նույնպես նույն միտումը կա` իշխանական թեկնածուն աշխատում է գրեթե միայնակ: Իսկ մեր թիմն այնքան արդար է, որ մեզանից և ոչ մեկը չի ամաչում իր անունից ու արածից»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանն ավելացրեց, որ ՀՅԴ անդամներից և ոչ մեկը չի խայտառակել, ո՛չ կուսակցության, ո՛չ էլ Երևանի անունը:
«Դաշնակցությունը կարող է թուլանալ, դաշնակցությունը կարող է ինչ-որ պահի նահանջել, բայց դաշնակցությունը երբեք չի պարտվի, քանի դեռ չկա ազատություն, իսկ ազատությունը պետք է դուք բերեք` մայիսի հինգին` համար հինգին»,- իր ելույթն ավարտեց Վահան Հովհաննիսյանը:
Նշենք, որ Հովհաննիսյանի ելույթի պահին Ազնավուրի անվան հրապարակում գործարկվեցին շատրվանները. «Դարձյալ շատրվանների ձայնն են միացնում, որ դուք մեզ չլսեք, բայց` չի ստացվի, այդ ջրում մենք խեղդելու ենք գործող իշխանությունը»,- ասաց վահան Հովհաննիսյանը: