.jpg)
Արցախի նախագահը պարգևատրել է Շուշիի ազատագրման օրվա առթիվ
Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանի մոտ մայիսի 7-ին տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարը շնորհավորել է ներկաներին Եռատոնի առթիվ և պետական պարգեւներ հանձնել մի խումբ երախտավորների:
Իր խոսքում Արցախի նախագահն ընդգծել է, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին մեր հերոս պապերն ու հայրերն իրենց արիությամբ ու սխրանքով կերտեցին հայրենիքի խիզախ պաշտպանի կերպարը, որը միշտ ուղեկցում էր մեզ և որով դաստիարակվել ու դեռ կդաստիարակվեն շատ ու շատ սերունդներ:
Նախագահը Պաշտպանության բանակի ստեղծումն ու Շուշիի ազատագրումը բնութագրել է որպես մեր հետագա բոլոր հաղթանակների անկյունաքարը, որը շրջեց պատմության անիվը` ի օգուտ մեր ժողովրդի: Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների անդամներ, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ, պաշտոնատար այլ անձինք, Հայաստանի Հանրապետությունից և Սփյուռքից ժամանած հյուրեր: