Աշխարհում շուրջ 165 միլիոն երեխա տառապում է թերաճությունից
07/05/2013 19:41

Աշխարհում շուրջ 165 միլիոն երեխա տառապում է թերաճությունից

Այսօր Երևանում մեկնարկել է քառօրյա տարածաշրջանային աշխատաժողով՝ նվիրված Ալբանիայում, Հայաստանում և Վրաստանում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում թերաճության խնդիրներին: Աշխատաժողովը կազմակերպել են ՀՀ կառավարությունն ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը:

Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հանրիետ Արենսը նշեց, որ  Հայաստանում  մինչև 5 տարեկան երեխաների 15 տոկոսը գերքաշություն ունի,  5 տոկոսը թերքաշ են, ինչը նշանակում է, որ Հայաստանում կա թերսնուցման խնդիր.  մինչև 2005 թ.-ին այդ երեխաների թիվը 33 տոկոս էր,  2010-ին` 35 տոկոս. գրանցվել է ընդամենը երկու տոկոս առաջընթաց:

Աշխատաժողովի մասնակիցները կարևորեցին մինչև վեց ամսականը բացառապես կրծքի կաթով երեխաների սնուցումը, իսկ վեց ամսականից հետո՝ համալիր սննդի ապահովմանը` սպիտակուցներով և ամինաթթուներով: ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը նշեց, որ եթե մինչև հինգ տարեկան հասակը երեխաները չեն ստանում անհրաժեշտ սնունդ, ապա հինգ տարեկանցի հետո որքան էլ լավ կերակրես երեխային, միևնույն է՝ չի վերականգվնվի երեխայի թե՛ մտավոր, թե՛ ֆիզիկական ունակությունները. երբեմն սնունդը կա, սակայն մայրերը ճիշտ չեն կերակրում:

Կ. Սարիբեկյանն առաջարկում է մինչև հինգ տարեկան երեխաների սննդակարգում ներառել մսեղեն, թռչնամիս, մրգեր, բանջարեղեն, կաթնեղեն:

Նշենք, որ աշխարհում շուրջ 165 միլիոն երեխա տառապում է թերաճությունից, ինչը նշանակում է, որ նրանց հասակը տարիքի համեմատ շատ կարճ է: Վերջին տվյալների համաձայն՝ մինչև 5 տարեկան երեխաների շրջանում թերաճության տարածվածությունը Հայաստանում կազմում է 19 տոկոս, Ալբանիայում՝ 16 տոկոս և Վրաստանում՝ 11 տոկոս:

Աշխարհում շուրջ 165 միլիոն երեխա տառապում է թերաճությունից