.jpg)
Ս. Այվազյան. Կանխատեսելի էր, որ ընտրությունները կեղծվելու են
Երևանի ավագանու ընտրություններում առկա էր մրցակցություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը:
Նրա խոսքով` այդ օրը իրենց կենտրոնի կողմից արձանագրվել է 570 խախտում, սակայն չեն դիմել ոստիկանություն, քանի որ անարդյունավետ են համարում:
«Կանխատեսելի էր, որ ընտրությունները կեղծվելու են, բայց կարծում էինք, որ ընդդիմադիր ուժերը, այդ թվում նաև ԲՀԿ-ն, ավելի շատ ձայն կստանային»,-ասաց նա:
Ս. Այվազյանի խոսքով` իրենք բազմաթիվ փաստեր և տեսանյութեր ունեն և պատրաստ են տրամադրել դրանք քաղաքական ուժերին, որոնք պատրաստվում են բողոքարկել ընտրությունների արդյունքները:
Նա նշեց, որ ամենաշատը ահազանգեր են ստացվել կուտակումների և կողմնակի անձանց ներկայության, ընտրողների մասսայական փոխադրումների, քվեարկողների օգնության, տարբեր գույների գրիչների օգտագործման, ճնշումների մասին: