.jpg)
Ադրբեջանում ԻԻՀ դեսպան. Իրանում ոչ ոք առանց պատճառի չի ձերբակալվում
«Ադրբեջանցի գիտնականը ձերբակալվել է Իրանի օրենքները խախտելու մեղադրանքով»: Այս մասին, իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ, հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինը:
Իրանի դեսպանը ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով օրերս Իրանի անվտանգության ուժերի կողմից Ադրբեջանի ԳԱԱ գիտաշխատողի ձերբակալման փաստին, մասնավորապես նշել է. «Ադրբեջանի երկու քաղաքացիները ձերբակալվել են Իրանի օրենքները խախտելու համար: Իրանում ոչ ոք առանց պատճառի չի ձերբակալվում»:
Մոհսեն Փաքայինը նաև տեղեկացրել է, որ Ադրբեջանում այս պահին թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով Իրանի ավելի քան 130 ձերբակալված քաղաքացիներ կան:
Նշենք, որ ապրիլի 30-ին Իրանի անվտանգության ուժերը Թավրիզում 6 անձ են ձերբակալել, որոնցից երկուսը՝ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Նիզամիի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող Խալեդե Խալեդն ու նրա օգնականն են եղել:
Այդ առնչությամբ՝ Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել էր Իրանի ԱԳՆ:
Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրառնալով վերոնշյալ միջադեպին, մասնավորապես նշել էր. «Օտար երկրի քաղաքացու կողմից ցանկացած անթույլատրելի և անսովոր գործողություն հայտնվում է անվտանգության ուժերի տեսադաշտում: Չնայած այն բանին, որ Ադրբեջանի իշխանությունները ընդգծում են, որ դեմ են ծայրահեղական խմբավորումների գործունեությանը, սակայն որոշ մարդիկ հակված են այնպիսի քայլեր անել, որոնք դեմ են երկու երկրների հարաբերություններին»: