ՀԱԿ ակտիվիստների բողոքը մասնակի բավարարվեց
08/05/2013 13:33

ՀԱԿ ակտիվիստների բողոքը մասնակի բավարարվեց

ՀՀ Վճռաբեկ դատարանը այսօր մասնակի բավարարեց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների փաստաբանների բողոքը: Գործն ուղարկվեց Վերաքննիչ քրեական դատարան` նոր քննության: 

Նշենք, որ հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի կողմից հրապարակվել է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի գործով դատավճիռը:

Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր Գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր և ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռևս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը մինչ այժմ կալանավորված է:

Ըստ ոստիկանության՝ գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետևանքով: Նրանք նաև նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:

Նախորդող հրապարակում` ՀԱԿ ակտիվիստների գործով դատ. Դատարանը խորհրդակցական սենյակում է

ՀԱԿ ակտիվիստների բողոքը մասնակի բավարարվեց