Վրաստան-Ադրբեջան. Երկկողմ կախվածություն
08/05/2013 20:22

Վրաստան-Ադրբեջան. Երկկողմ կախվածություն

Նախօրեին Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այցելել էր Ադրբեջան և Բաքվում հանդիպում էր ունեցել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Սահակաշվիլի-Ալիև հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես, 2 երկրների նախագահները անդրադարձ են կատարել Կարս-Ախալքալաքի-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարությանը և այն համարել ռազմավարական նշանակություն ներկայացնող ծրագիր:

Ադրբեջանի ֆինանսավորմամբ և ակտիվ լոբբինգով իրականացվող երկաթգծային այդ ծրագիրը, որը տեղավորվում է Հայաստանը տարածաշրջանային գործընթացների մեկուսացնելու քաղաքականության Բաքվի տրամաբանության մեջ, նպատակ ունի միավորել 2 թուրքական պետությունները`Թուրքիան և Ադրբեջանը ու ամրապնդել Հարավային Կովկասում դեռևս 1990-ական թթ-ին կեսերից ձևավորվող Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ռազմավարական եռանկյունին:

Ադրբեջանա-վրացական հարաբերությունները հիմնվում են տնտեսական շահերի և պրագմատիկ հետաքրքրությունների վրա, իսկ այդ հարաբերությունների խորացման վրա ազդում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների բացակայությունը, ինչպես նաև ադրբեջանա-իրանական լարվածությունն ու լուռ հակամարտությունը:

Վրաստանը, լինելով նավթային ու գազային պաշարներից զուրկ երկիր, և օգտագործելով իր աշխարհագրական հարմար դիրքը տարանցման հնարավորություններ է տրամադրում հարևան Ադրբեջանին, այդ երկրի համար հանդիսանալով կարևորագույն միջանցք դեպի սևծովյան նավահանգիստներ և «մեծ եղբայր» Թուրքիան:

Վրաստանը Ադրբեջանի տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող նավթա և գազատարների տարանցման հնարավորություններ է ստեղծել, ինչին գումարվելու է շինարարության ավարտական փուլում գտնվող Կարս-Ախալքալաքի-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը, ինչպես նաև Բաքու-Բաթումի բետոնապատ մայրուղին, ինչը Ադրբեջանին դեպի Սև ծովի նավահանգիստներ դուրս գալու նոր հնարավորություն կստեղծի:

Վրաստանը, այսպիսով, Հարավային Կովկասում դառնում է Արևմուտք-Արևելք կոմունիկացիոն-էներգետիկ կարևորագույն միջանցքի մի հատված, որը շրջանցում է Ռուսաստանի տարածքը և հետագայում Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա էներգակիրների, իսկ երկաթծի շինարարության ավարտից հետո, նաև այլ ապրանքների տարանցման բաղկացուցիչ մասն է դառնալու:

Վրաստանը շահագրգռված է նաև ադրբեջանական ներդրումներով իր երկրի տնտեսության տարբեր հատվածներում, բացի այդ, Վրաստանը Ադրբեջանից էժան գներով գնում է գազ և նավթ, ինչը այլընտրանքային էներգետիկ հնարավորություններ է ստեղծում Թբիլիսիի համար, որը չի ցանկանում էներգետիկ միակողմանի կախվածություն ունենալ Ռուսաստանից:

Այդ պատճառով, չնայած վրացա-ադրբեջանական հարաբերություններում առկա որոշ հակասությունների, կապված սահմանային որոշ խնդիրների և Դավիդ Գարեջի վանական համալիրի հետ, կրում են ռազմավարական բնույթ, ինչը շեշտվում է նաև Վրաստանի Ազգային անվտանգության ռազմավարության մեջ:

Ադրբեջանն էլ իր հերթին, ունենալով ազդեցության լծակներ Վրաստանի վրա, կապված հարևանին վաճառվող գազի և նավթի գների բարձրացման հնարավորությունների, ինչպես նաև Վրաստանի ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիի շրջանում անջատողական տրամադրությունների բարձրացման հետ, շահագրգռված է պահպանելու այդ երկրի հետ ռազմավարական հարաբերությունները:

Ադրբեջանը, որպես «նավթագազային ասեղի» վրա նստած երկիր չի ցանկանում իր էներգակիրները դեպի Եվրոպա արտահանել հյուսիսային` Ռուսաստանի տարածքով անցնող գազա և նավթամուղերով, ընտրել է արևմտյան`վրացական տարածքով անցնող ուղին, ինչը բխում է նաև Արևմուտքի շահերից, քանի որ դրանով Ադրբեջանը նվազեցնում է իր կախվածությունը Մոսկվայից:

Երկկողմ կախվածությունը և արտաքին քաղաքական միևնույն`եվրաատլանտյան ուղղվածությունը, էներգետիկ, կոմունիկացիոն սերտ կապերը թույլ են տալիս ենթադրելու, որ Ադրբեջանի և Վրաստանի հարաբերությունները շարունակելու են զարգանալ, ինչի ակտիվ լոբբինգը իրականցվում է թե Թուրքիայի, թե ԱՄՆ-ի կողմից:

«Nabucco» և «Հարավային գազային միջանք» ծրագրերը, որոնք ենթադրում են կենտրոնական ասիական և կասպյան նավթի ու գազի արտահանում Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Եվրոպա ուղղությամբ, ենթադրում են վերոնշյալ երկրների միջև սերտ հարաբերությունների պահպանում:

Այսպիսով, Ադրբեջանի և Վրաստանի հարաբերությունների սերտացումը և նրանց միջև նոր էներգետիկ-կոմունիկացիոն կամուրջների կառուցումը բխում է Արևմուտքի շահերից և իրականացվում ԱՄՆ-ի ակտիվ լոբբինգի պայմաններում:
 

Վրաստան-Ադրբեջան. Երկկողմ կախվածություն