.jpg)
Ձկնորս. Գաղտուկ ենք էթում` յա կաբրենք, յա կմեռնենք
Սևանում ձկան որսն արգելված է արդեն մի քանի տարի, թույլատրվում է խեցգետնի որսը, որն անփութության հետևանքով հայտնվել է լճում, սակայն այսօր էլ երևանյան փողոցներում, Գավառում, Մարտունիում, Սևանա լճի զուգահեռ ճանապարհներին կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր սիգ են վաճառում:
Սևանից ձկան ապօրինի որսի վերաբերյալ Aysor.am-ի հարցին պատասխանեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը. «Նման դեպքեր չեն գրանցվել, անօրինական գործողություների վերաբերյալ ես ոստիկանությունից տեղեկատվություն ստանում եմ, որսագողության հսկման իրավասությունները Սևան ազգային պարկինն են»:
Aysor.am-ի դիտարկմանը, թե շուկաներում մի՞թե վաճառվող սիգ չի տեսել, մարզպետը պատասխանեց. «Ես շուկաներո՞ւմ եմ ման գալիս»: Նա նաև նշեց, որ մարզում կան բազմաթիվ ձկնաբուծական տնտեսություններ, նախ պետք է պարզել՝ ձուկը Սևանից է, թե՞ ձկնաբուծարանից:
Ներկա ու նախկին ձկնորս
«Սևանի ճամփին, որ տենըմ ես, ձեռքներն անում են «ըհը», էդ նշանակըմ ա ձուկ ա»: Նորատուսցի Հակոբը ձեռքերով ցույց է տալիս ու հետն էլ ժպտում. «Էսքան էլ են ծախում» ավելի մեծ չափի ձուկ է ցույց տալիս: Ասում եմ՝ ախր արգելված է Սևանից ձուկ որսալը. «Յա, ով ա ասըմ, որ էթում ենք ձկի, էթում ենք ռակ բռնելու» ու էլի ժպտում է:
«Ինչով աբրենք, դու հլնես, ի՞նչ կանես, որ էրեխեդ սոված մնա, դբրոց չէթա: Մե էդ ձուկն ա, առաջներում սիգա շատ էր ըլնում, առաջվա նման չի: Առաջ, որ ծովին էթում, մե լոդկեն 1000-1500 հա ձուկ էր անըմ, հիմա 100 հատ-150 հատ. Մեկ-մեկ 200»:
Ոստիկանները չե՞ն տեսնում, որ ձուկ եք բռնում. «Ոստիկանը չի բռնըմ. Չէ, չի կանա տենա, գողտուկ են բռնում, քշերն են էթում ձկի»:
Իսկ որտեղի՞ց են լիճ մտնում. «Հմեն տեղից էլ մտնումին ծով, էն կողմից էլ են մտնում, Մեր գյուղացիքից շատը Փամբակ են նստած, ընդե ճանապարհը քիչ ա, ծախսը քիչա, բենզին են վառում, մատոռն ա խարաբ ըլնում. Մե շայբեն եսիմ քանի հարուր արժի: Մատոռը փխումը ա, էտի մե 70-80 հազար արժի: Գյուղում մե 200 լոդկա կլնի, բայց 200-ը չի մտնում, մե 30-40 լոդկայա ծով էթում: Ամառը վաբշե ձուկ չեն բռնում, հա՛մ ձուկ չի ըլնում, հա՛մ էլ ստեղ չեն:
Ովքե՞ր են բռնում, փորձառո՞ւ ձկնորսները. «Չէ, ջահելներն են էթում, դժվար գործ ա, յա սաղ կմնան, յա կմեռնեն: Քամին որ էս կողմից բռնում ա, էս կողմից չես կարա դուս գաս, էն կողմը քարաժայր ա, ալիքը վերցում խփում ա ափին»:
Մարդիկ որսի ժամանակ զոհվե՞լ են. «Հա. բա հո չեն էթում ման գալու, բա ի՞նչ անեն, ճար չկա»:
«Օրվա մեջ 20-30 հատ իշխան հլնի, 2000 սիգա ըլնի, մե հոգին, որ էդքան բռներ` միլիոնատր ինք: Իշխան էլ ա հլնում, իշխանը քիչ ա: Գետերը ձուկ չկա, իշխան կա, ձվադրում ա գալըմ, բայց հիմա ինչքան իշխան կա՞, որ գա ձվադրման: Ծովում ռակ կա, դրանով էլ ենք աբրում»:
Սևանի ձկնավաճառության առանձնահատկությունները
Գավառի շուկայում մի տատիկ սիգ էր վաճառում: «Բալա ջան մեր Սևանա սիգան ա, լավն ա, էլ չի ըլնի, առ»: