Սուրեն Սուրենյանց. Երեկ ԲՀԿ-ն իշխանությունից ուժեղագույն ապտակ ստացավ
08/05/2013 14:02

Սուրեն Սուրենյանց. Երեկ ԲՀԿ-ն իշխանությունից ուժեղագույն ապտակ ստացավ

«ԲՀԿ-ն իշխանությունից ուժեղագույն ապտակ ստացավ երեկ, երբ կառավարության նոր կազմի ձևավորման ժամանակ սպորտի նախարարի պաշտոնից ոչ միայն հեռացրեց ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանը, այլև նշանակվեց Գագիկ Ծառուկյանի հետ, մեղմ ասած, շատ վատ հարաբերություններ ունեցող մեր լեգենդար մարզիկ Յուրի Վարդանյանը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

Այս ամենով, ըստ Սուրենյանցի, իշխանությունները ԲՀԿ-ին ասացին` «Եղբայր, գնա այն ընդդիմադիր տեղը, որտեղ դու շատ վաղուց ես ուզում հայտնվել»:

«Ավագանու ընտրությունների մասով` ԲՀԿ-ն ու Բարև Երևանը պետք է պարտադիր վերցնեն իրենց մանդատները և ավագանիում լինեն հնարավորինս ակտիվ: Մանդատ չվերցնելն առաջին հերթին արհամարհանք կլինի քեզ ձայն տված քաղաքացու նկատմամբ: Եվ սպորտի մասով մի բան էլ, չեմ ուզենա, որ նախարարական այս փոփոխությունից հետո Գ. Ծառուկյանը հրաժարվի ՀԱՕԿ նախագահի պաշտոնից, նա մեր սպորտի համար իրոք շատ բան է արել»,-ասաց Ս. Սուրենյանցը:

Քաղաքագետն անդրադարձավ ՀԱԿ-ի, ՕԵԿ-ի ու ՀՅԴ-ի՝ ավագանու կազմում չհայտնվելուն:

«ՕԵԿ- ի մասով կարծում եմ, ամեն բան պարզ է, ՕԵԿ-ը ստացավ այնքան ձայն, որքան վստահեցին անձամբ Արմեն Երիցյանին և ոչ թե կուսակցությանը: ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը չանցան, կարելի է ասել, միևնույն պատճառով` նրանք քարտուղարություն էին անում: Հիմա դուք ինձ ասեք, ինչո՞ւ ընտրողը պետք է ձայն տար ոչ թե ԲՀԿ-ին, այլ ԲՀԿ-ի քարտուղարությամբ զբաղվող ՀԱԿ-ին, ինչո՞ւ պետք է ընտրեր ՀՅԴ-ին և ոչ թե Բարև Երևանին»- ասաց Ս. Սուրենյանցը:

Ինչ վերաբերվում է ԲՀԿ-ին, ապա, ըստ Ս. Սուրենյանցի, ամենաուշը մինչև սեպտեմբեր ամիս այս կուսակցությունը կամ պետք է հրաժարվի իր գործարար մասից ու հստակ ընդդիմադիր դառնա, կամ պետք է հրաժարվի Վարդան Օսկանյանից և քաղաքական թևից ու բռնի իշխանություն ճամփան:

Սուրեն Սուրենյանց. Երեկ ԲՀԿ-ն իշխանությունից ուժեղագույն ապտակ ստացավ