.jpg)
Ա. Մարտիրոսյան. Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ որևէ նոր բան չկա
Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ որևէ նոր բան չկա: Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հարտարարությանը, թե ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող դառնալ, Aysor.am-ի հետ զրույցում այս մասին նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նշենք, որ այսօր Աբովյանում կառուցված Սուրբ Հավհաննես եկեղեցու օծման արարողության ժամանակ, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ԲՀԿ-ն հնարավո՞ր է դառնա ընդդիմություն, Ծառուկյանն ասել էր. «Ո՛չ, ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող դառնալ: Ինչպե՞ս կարող է ԲՀԿ-ն ընդդիմություն լինել: ԲՀԿ-ն կարող է կողմնակից լինել այն ամենին, ինչը օգուտ է երկրին և ժողովրդին: Ես միշտ ասել եմ, որ քաղաքականության մեջ մտել եմ ոչ թե անձնական շահի համար, քծնանքի, այլ երկրի հզորացման զարգացման համար»:
«Այն, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր ուժ չէ, կարծում եմ, բոլորին էր ակնհայտ: Չգիտեմ ինչո՞ւ է սա սենսացիա դարձել, այն դեպքում, երբ պրն. Ծառուկյանը երբևէ չի ասել, որ իրենք ընդդիմություն են կամ դառնալու են այդպիսին»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:
Պատասխանելով այն ակնարկին, թե այս հայտարարությունը քննարկման առարկա է դարձել նաև այն պատճառով, որ շատ ավելի վաղ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը կարծիք էր հայտնել, որ ԲՀԿ-ն խորհրդարանի աշնանային նստաշրջանի սկզբում պետք է փոխի քաղաքական կարգավիճակը և իրեն հռչակի ընդդիմադիր կուսակցություն, Ա. Մարտիրոսյանը նշեց. «Կարծում եմ՝ դա եղել է ընդամենը Վարդան Օսկանյանի անձնական կարծիքը: Նմանատիպ այլ իրավիճակներ ևս եղել են, երբ ասել են, որ դա նրա անձնական կարծիքն է»:
Հարցին, թե արդյոք տարօրինակ չէ՞ այն հանգամանքը, որ քաղաքական հիմնական ուժերից մեկի ղեկավարը իսպառ բացառում է ուժի` ընդդդիմության շարքերը անցնելու հնարավորությունը, Ա. Մարտիրոսյանը նշեց. «Սա բացարձակապես տարօրինակ չէ: ՀՀ քաղաքական համակարգը այնքան տարօրինակություններ է ապրել, որ այս հայտարարությանը ընդամենը այդ տարօրինակությունների արտացոլանքն է»:
Արմեն Մարտիրոսյանի դիտարկմամբ` իր հայտարարության մեջ Գ. Ծառուկյանը ամենևին չի ակնարկել, որ ընդդիմությունը չի կարող իրականացնել երկրին և ժողովրդին օգտակար գործունեություն: «Չեմ կարծում, որ Գագիկ Ծառուկյանը դա է ցանկացել ասել: Հակառակ դեպքում՝ հենց այդպես էլ կասեր: Ցանկացած պարագայում պարզ է, որ ընդդիմության ներկայացուցիչներն էլ են աշխատում երկրին և ժողովորդին օգուտ բերելու ուղղությամբ: Մենք ցանկանում ենք, որպեսզի երկում փոխվի կառավարման համակարգը: Երկրում պետք է հաստատվի այնպիսի կառավարման համակարգ, որը կապահովվի քաղաքական, տնտեսական մրցակցության համար բավարար պայմաններ, կհարգվի մարդու իրավունքները, չեն բախվի կուսակցական և մասնավոր շահերը: Սա է մեր ցանացածը»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:
Նախորդող հրապարակում՝ Գագիկ Ծառուկյան. ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող դառնալ