.jpg)
Հայ-բելառուսական եղբայրություն. Բրեստի ամրոցից մինչև ՀԱՊԿ
Նախօրեին Երևան էր ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով իր այցի շրջանակներում հանդիպեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Նախագահները կարևորեցին հայ-բելառուսական հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը և անդրադարձան ընդհանուր պատմական անցյալին, հատկապես Հայրենական Մեծ պատերազմի տարիներին հայերի մասնակցությանը Բելառուսի ազատագրության պայքարում:
Հայ-բելառուսական հարաբերությունները իրոք թրծվել են 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ հայերը և բելառուսները պայքարում էին ընդհանուր թշնամու`ֆաշիզմի դեմ, պաշտպանելով այդ պահին ընդհանուր հայրենիքը`ԽՍՀՄ-ը:
Պետք է նշել, որ հայերը Բելառուսի պաշտպանության և ֆաշիստական զորքերից ազատագրելու գործում թողել են անջնջելի հետք:
Այսպես, պատերազմի պատմության ամենահերոսական էջերից մեկի`բելառուսական տարածքում գտնվող Բրեստի ամրոցի պաշտպանությանը մասնակցել են նաև հայորդիներ, որոնք իրենց անունները անմահացրեցին այսօր Բրեստի ամրոցի տեղում գործող հուշահամալիրի հերոսների պատվանդանին:
Այդպիսի հերոսներից էր Սամվել Մաթևոսյանը, ով պատերազմը դիմավորել էր Բրեստի ամրոցում`6-րդ հրաձգային դիվիզիայում:
Մաթևոսյանը ֆաշիստների դեմ մարտնչել է Բրեստի ամրոցի Խոլմսկի դարպասներ կոչվող հատվածում, որտեղ տեղի են ունեցել ամենաթեժ մարտերը:
Սամվել Մաթևոսյանը Բրեստում 1941թ.-ի հունիսի 22-ին կազմակերպել և գլխավորել է առաջին հակահարձակումը ֆաշիստների դեմ:
Մաթևոսյանը մասնակցել է նաև պարտիզանական շարժմանը, իսկ պատերազմի ավարտական փուլում մասնակցել Բեռլինի և Պրահայի գրավման օպերացիաներին:
1957թ.-ին Բրեստի ամրոցի պաշտպանության համար արժանացել է Կարմիր աստղի շքանշանին:
Հայ-բելառուսական ռազմական համագործակցության մեկ այլ, փառահեղ էջերից է նաև 1944թ.-ին իրականացված Բելառուսի ազատագրման գործողությունը, որը կրում էր Բագրատիոն անվանումը:
Բագրատիոն գործողությանը և բելառուսական մի շարք շրջանների ազատագրմանն է մասնակցել 1-ին Մերձբալթյան ճակատի հրամանատար, լեգենդար Հովհաննես Բաղրամյանը:
Այսօր էլ հայ-բելառուսական հարաբերությունները երկրների բարձրագույն ղեկավարների կողմից բնութագրվում են որպես ռազմավարական և բարեկամական:
Բելառուսում բնակվում է բավականին ակտիվ հայ համայնքը, որը ներգրավված է բելառուսական հասարակության բոլոր ոլորտներում`տնտեսությունից մինչև մշակույթ:
2005թ.-ի մարդահամարի տվյաներով, երկրի տարածքում բնակվում էր 10.000-ից ավելի հայ:
Բելառուսի տարածքում գործում են հայկական մի շարք կրթական-մշակութային օջախներ, որոնց թվում Մինսկի Հայաստան մշակութային-լուսավորչական ընկերությունը, Էրեբունի անսամբլը և այլն:
Հայաստանը և Բելառուսը հանդիսանում են միևնույն ռազմա-քաղաքական միավորման`ՀԱՊԿ-ի անդամներ, ինչպես նաև ԱՊՀ-ի և մի շարք այլ կազմակերպությունների անդամներ, ինչը խթանում է հարաբերությունների զարգացումը նաև միջազգային կազմակերպությունների, հարթակների շրջանակներում:
Հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունները ներառում են մի շարք ոլորտներ`բելառուսական կողմը շահագրգռված է իր ապրանքների ներկայացվածությամբ հայկական շուկայում, իսկ Հայաստանն էլ ցանկանում է օգտագործել գյուղատնտեսության, գյուղմեքենայացման ոլորտում բելառուսական հարուստ փորձը:
Տնտեսական հարաբերությունների և ապրանքաշրջանառության մակարդակի բարձրացման մասին խոսվեց նախօրեին երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում և հնչեցվեց հստակ մեսիջ`մոտակա մի քանի տարիների ընթացքում ապրանքաշրջանառության ծավալները մեծացնելու առումով:
Այսպիսով, հայ-բելառուսական հարաբերությունների խորացման համար կան դրական նախադրյալներ` հարուստ պատմական անցյալ, ներկա ռազմա-քաղաքական, դաշնակցային հարաբերությունները ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում, ինչպես նաև պետությունների ղեկավարների և բիզնես-շրջանակների կամքը և շահագրգռվածությունը: