Գոլանում կռվելու համար Սիրիայում կամավորներ են հավաքագրում
14/05/2013 20:50

Գոլանում կռվելու համար Սիրիայում կամավորներ են հավաքագրում

«Սիրիայի վերակազմավորման և ազատագրման» Ազգային ճակատը հայտարարել է կամավորականների հավաքագրման մասին` Իսրայելի վերահսկողության տակ գտնվող Գոլանի բարձունքում ռազմական գործողություններ իրականացնելու համար: Այս մասին հայտնում է «Ռոսբալտ» լրատվական կայքը:

«Մենք գրանցում ենք կամավորների և ձևավորում զինվորական ջոկատներ` Գոլանում պարտիզանական պատերազմ վարելու համար»,- հաղորդել է ազգային ճակատի ղեկավար, Սիրիայի փոխվարչապետ Քադրի Ջամիլը:

Նրա խոսքով` Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Սիրիայում գտնվող պաղեստինական զինված խմբավորումների առաջ Գոլանի բարձունքում Իսրայելի դեմ գործողություններ իրականացնելու «կանաչ լույս» է վառել և հայտարարել, որ Գոլանը դառնալու է Իսրայելին դիմակայելու ճակատ:

«Պաղեստինցիների հետ մենք համակարգելու ենք Գոլանի գործողությունները»,- հավելել է Ջամիլը:

«Վերջին տարիներին Գոլանի բարձունքը ուղիղ առճակատման վայր չի եղել, բայց Իսրայելը վերջին շաբաթներին և ամիսներին մի քանի անգամ Սիրիային օդային հարվածներ է հասցրել: Հաշտությունը գործնականում ոչնչացել է: Սիրիան այս պայմաններում ի վիճակի չէ պատերազմ վարել կամ Իսրայելին համարժեք պատասխանել` բանակն ընդդեմ բանակի: Իսկ նման ոտնձգություններն առանց պատասխան թողնելը ևս  վնասակար է: Օբյեկտիվորեն մեկ ելք կա` ժողովրդին հնարավորություն տալ պաշտպանելու իրենց հողերը, քանի դեռ պետությունը չի կարող լուծել այդ խնդիրը»,- ասել է Սիրիայի փոխվարչապետը:

Գոլանում կռվելու համար Սիրիայում կամավորներ են հավաքագրում