Հակակարկտային կայանները գործել են անխափան
14/05/2013 19:37

Հակակարկտային կայանները գործել են անխափան

Այսօր ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ տարածքում տեղի ունեցած կարկտահարության դեպքերի վերաբերյալ մամուլի ասուլիս։ Բանախոսներն էին ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը և «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը:

Խոսելով վերջին օրերին գրանցված կարկտահարության դեպքերի և հակակարկտային ծառայության մասին` Ն. Գրիգորյանը մասնավորապես ասաց. «Այսօր տարածաշրջանում և նախկին ԽՍՀՄ երկրների շարքում միայն Հայաստանում կա հակակարկտային ծառայություն: Մենք ունենք 2 ռադիոլոկացիոն կայան` Լոռու և Արագածոտնի մարզերում, և 154 հակակարկտային կայան»:

Ներկայացնելով հակակարկտային կայանների աշխատանքը մայիսի 12-ի կարկտահարության ժամանակ` Ռ. Հովսեփյանը պարզաբանեց. «Չորս մարզերում գործող հակակարկտային կայանները պաշտպանում են 50 հազար հեկտար տարածքից 13 հազարը: Մեկ կայանը պաշտպանում է միայն 500 քմ մակերեսով տարածք: Դրանք ավտոմատացված են և դեպի կարկտաբեր ամպը մոտ 50 հազար կրակոց է արձակվել` մեր վերահսկողության տակ գտնվող բոլոր կայաններից միասին վերցված: Սակայն, քանի որ այդպիսի կայանների քանակն այսօր քիչ է, իսկ կարկտահարությունը շատ ուժեղ էր, հնարավոր չեղավ խուսափել աղետալի հետևանքներից»:

Նրա խոսքով` նախատեսվում է ապագայում ևս 1200 հակակարկտային և նոր ռադիոլոկացիոն կայաններ տեղադրել Հայաստանի տարածքում: Հակակարկտային կայաններն աշխատում են պրոպան գազով, որն ավելի մատչելի է ու անվտանգ, քան ացետիլենը, սակայն ունի նույն արդյունավետությունը։ ՀՀ ԱԻՆ համակարգի հսկողության տակ գտնվող հակակարկտային կայանների մյուս առավելությունն այն է, որ դրանց կրակոցները դեպի կարկտաբեր ամպեր ուղղորդվում են ռադիոլոկացիոն կայաններից ստացված տվյալներով, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետ ներգործություն իրականացնել տվյալ մթնոլորտային երևույթի վրա։

ՀՀ ԱԻՆ հակակարկտային ծառայության աշխատանքի մեթոդը, որն այսօր կիրառվում է Հայաստանում` նման եղանակով են աշխատում նաև Բրազիլիայի, Արգենտինայի և Ֆրանսիայի հակակարկտային համակարգերը։

Հակակարկտային կայանները գործել են անխափան