Մեկնարկել է «Արտ-Ֆեստ» առաջին հանրապետական երիտասարդական բաց փառատոնը
14/05/2013 19:52

Մեկնարկել է «Արտ-Ֆեստ» առաջին հանրապետական երիտասարդական բաց փառատոնը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը՝ ս. թ. մայիսի 13-19-ը Երևանում անցկացնում է «Արտ-Ֆեստ» առաջին հանրապետական երիտասարդական բաց փառատոնը` «Մեկ տանիքի ներքո» խորագրով: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է ս. թ. մայիսի 13–ին՝ Հյուսիսային պողոտայում: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Փառատոնի նպատակն է ընդլայնել մայրաքաղաքի և մարզերի երիտասարդ արվեստագետների համագործակցության շրջանակը, փորձի փոխանակման հնարավորություն ընձեռել և բացահայտել նոր անուններ:

Փառատոնն ընդգրկում է թատերարվեստի, կինոարվեստի, կերպարվեստի (գեղանկարչություն, գծանկարչություն, քանդակագործություն, լուսանկարչություն) ոլորտները: Փառատոնին ներկայացված են շուրջ 130 մասնակից՝ մայրաքաղաքային և մարզային ստեղծագործական միավորումներ և անհատ ստեղծագործողներ:

Փառատոնի երևանյան ծրագրում ընդգրկված ստեղծագործությունները կներկայացվեն մայիսի 13-19-ը, ԵԹԿՊԻ-ի ուսումնական թատրոնում (ք. Երևան, Ամիրյան 26) և Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում (ք. Երևան, Սայաթ-Նովա 4 /Թատերարվեստ/): Մայիսի 15-ին և 16-ին, ժամը 20:30-ին, Նարեկացի արվեստի միությունում (ք. Երևան, Վարդանանց 16/1 /Կինոարվեստ/), մայիսի 15-ին և 17-ին, ժամը 14:00-19:00, Մարտիրոս Սարյանի անվան պուրակում /Կերպարվեստ/:

Մասնագիտական հանձնախմբի որոշմամբ լավագույնը ճանաչված ստեղծագործությունները կցուցադրվեն նաև մարզերում:
Բոլոր ցուցադրությունների մուտքն անվճար է:

Մեկնարկել է «Արտ-Ֆեստ» առաջին հանրապետական երիտասարդական բաց փառատոնը