.jpg)
Ավստրալացի պատգամավոր. Ցեղասպանության ժխտումը լոկ պատմության հարց չէ
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգի խորհրդարանն օրեր առաջ միաձայն ընդունել էր 20-րդ դարում հույների, ասորիների, հայերի ցեղասպանությունները ճանաչումը վերահասատող բանաձևը:
Ավստրալական նահանգի որոշումը զայրացրել էր պաշտոնական Անկարային. Թուրքիայի արտգործնախարարությունն անմիջապես հաղորդագրություն տարածեց` բանաձևը բնութագրելով որպես «պատմական փաստերը խեղաթյուրող փաստաթուղթ» և զգուշացրեց՝ «անկախ ամեն ինչից, այն բացասական հետևանքներ է ունենալու»: Այս մասին գրում է «Assyrian International» լրատվական գործակալությունը:
Ավստարալիայում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունն իր հերթին բողոք-նամակ հղեց Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգի խորհրդարանին՝ կոչ անելով չեղյալ հայտարարել բանաձևը:
Թուրքիայի հյուպատոսության նամակին գրավոր պատասխանել է բանաձևի հեղինակ Ֆրեդ Նայլը: Ստորև ներկայացնում ենք այն.
«Այս բանաձևը ներկայացնելով՝ ես մտադրություն չեմ ունեցել արատավորելու և սևացնելու ժամանակակից Թուրքիային, պետություն, որը ստեղծվել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից: Այդ ցեղասպանություններն իրականացվել են Օսմանյան կայսրության առաջնորդերի կողմից և ոչ թե ժամանակակից Թուրքիայի, որն այսօր հիանալի հարաբերություններ ունի Ավստրալիայի հետ: Այս բանաձևը պատրաստելիս ես հիմք եմ ընդունել Ցեղասպանության հարցերն ուսումնասիրողների միջազգային ընկերակցության, Ցեղասպանության և Հոլոքոսթի ուսումնասիրման ավստրալական ինստիտուտի, ինչպես նաև միջազգային և ազգային այլ գիտական կազմակերպությունների եզրակացությունները:
Անհերթելի է, որ 1910-1920-ական թթ-ին հայերը, ասորիներն ու հույները դարձել են ցեղասպանության զոհ:
Թուրքիայում թուրք գիտնականներն ու գրողները, ինչպիսիք են՝ Թաներ Աքչամը և Օրհան Փամուկը ևս կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը… Այս ամենից հետո ես չեմ կարողանում հասկանալ, թե Նոր Հարավային Ուելսի օրենսդիր մարմնի բանաձևն ինչպե՞ս է «Ավստրալիայում ատելություն սերմանում»:
Օսմանյան կայսրությունում հայերի, հույների ու ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունների ճանաչումը լոկ պատմության հարց չէ: Քանի որ ցեղասպանությունների հետևանքները շարունակվում են առ այսօր, ուստի այն նաև միջազգային իրավունքի և մարդու իրավունքների խնդիր է…Ես շարունակելու եմ նման հարցերի մասին բարձրաձայնել յուրաքանչյուր հարմար առիթով:
Թո՛ ղ հաղթի արդարությունը, հոգիներն ամոքվեն, կոտրված սրտերը ապաքինվեն, ժողովուրդները հաշտվեն... եկեք հարգանքի տուրք մատուցենք բոլոր նրանց հիշատակին, ովքեր անտեղի իրենց մահկանացուն կնքեցին մարդկության նորագույն պատմության ամենամռայլ ժամանակահատվածներից մեկում»: