Կաթողիկոսն ու ՀՀ առաջին տիկինն այցելել են «Նագգաշյան մանուկների տուն»
15/05/2013 19:49

Կաթողիկոսն ու ՀՀ առաջին տիկինն այցելել են «Նագգաշյան մանուկների տուն»

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այսօր այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Նագգաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոն` ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, Մայր Աթոռի վանական խորհրդի նախագահ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի: Այս մասին հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից:

Հայ Եկեղեցու ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի հայկական բարեգործական «Մեր Հույս» կազմակերպության և անհատ բարերարների աջակցությամբ գործող կենտրոնում այժմ ապրում են սոցիալապես անապահով ընտանիքների 13-16 տարեկան 15 պատանիներ, ովքեր ստանում են մասնագիտական կողմնորոշում ու սոցիալական աջակցություն:

Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետը և Հայաստանի առաջին տիկինը, ուղեկցությամբ կենտրոնի տնօրեն Միհրան Միրիջանյանի, շրջել են կենտրոնում, ծանոթացել երեխաների համար ստեղծված պայմաններին:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը և տիկին Ռիտա Սարգսյանը հանդիպել են կենտրոնի փոքրիկ բնակիչների հետ, ովքեր ներկայացրել են իրենց առօրյան և ծրագրերը: Մտերմիկ զրույցից հետո պատանիները հանդես են եկել գեղարվեստական հայտագրով` կատարելով ազգային ու հոգևոր երգեր և ասմունքելով իրենց հեղինակած բանաստեղծությունները:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ առաջին տիկնոջը «Նագգաշյան մանուկների տուն» այցելելու համար` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է, որ սպասված հանդիպումը մեծ ուրախություն պատճառեց երեխաներին և իրենց հանդեպ տիկին Սարգսյանի դրսևորած սերն ու հոգատարությունը մշտապես պիտի կրեն իրենց սրտում:

Վերջում տիկին Ռիտա Սարգսյանը կենտրոնի 15 սաներին հանձնել է նվերներ, առանձնաբար ծանոթացել է յուրաքանչյուրի հետ:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի առաջին տիկինն այցելել են կենտրոնի հարևանությամբ գտնվող Արաբկիրի հայորդյաց տուն, որտեղ հայորդյաց տների հոգևոր տեսուչ Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանը ներկայացրել է Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող հայորդյաց տների գործունեությունը: Հայորդյաց տան սաները Նորին Սրբությանը և տիկին Ռիտա Սարգսյանին ողջունել են ազգային պարերի կատարումներով: 

Կաթողիկոսն ու ՀՀ առաջին տիկինն այցելել են «Նագգաշյան մանուկների տուն»