.jpg)
Առաջնության արդյունքներով կազմվեց հավաքական
Տեղի ունեցավ Հայաստանի խճուղային հեծանվավազքի բաց առաջնությունը (տարիքային 3 խմբով): Տանտերերի 65 մարզիկների հետ պայքարի ելան նաև Վրաստանի 11 պատվիրակներ:
Անհատական մրցավազքն անցկացվեց Էջմիածին-Ակնալիճ մայրուղում (պատանիներ` 10 կմ, երիտասարդներ և մեծահասակներ` 25 կմ): Խմբային մրցավազքը տեղի ունեցավ Արզնու օղակաձև խճուղում (60 կմ` 5 շրջանով):
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, մրցակցությունից դուրս էին Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հանրապետական մարզադպրոցի սաները: Նրանք խաղարկված 27 մեդալներից շահեցին 23-ը: Չորս մրցանակակիր տվեց «Հայաստան» մարզական ընկերությունը ( 1 արծաթ, 3 բրոնզ):
Անհատական, խմբային, կրիտերիում մրցաձևերում լավագույնը ճանաչվեցին և բացարձակ չեմպիոնի կոչումը նվաճեցին պատանիներից Պավել Ստեփանյանը, երիտասարդներից` Սարիբեկ Ավետիսյանը և մեծահասակներից` աշխարհի 2011 թ. երիտասարդական առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր, Իտալիայի «Գավարդո» ակումբում ընդգրկված Մհեր Մկրտչյանը:
Առաջնության արդյունքներով կազմվեց հավաքական, որը կնախապատրաստվի հուլիսին Հոլանդիայի Ուտրիխտ քաղաքում կայանալիք Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնին: