Բեքհեմը մտադիր է ավարտել կարիերան
16/05/2013 19:18

Բեքհեմը մտադիր է ավարտել կարիերան

ՊՍԺ-ի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը 2012-2013 թթ. մրցաշրջանից հետո կավարտի ֆուտբոլային կարիերան: Այս մասին տեղեկացրել է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան: 

«Շնորհակալ եմ ՊՍԺ-ից` ինձ խաղալու հնարավորություն տալու համար: Բայց զգում եմ, որ ժամանակն է ավարտել կարիերան»,- հայտարարել է 38-ամյա անգլիացի ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ փարիզյան ակումբը Բեքհեմին առաջարկել էր երկարաձգել պայմանագրի ժամկետը, որը նախատեսված էր մինչև այս տարվա հունիսը: Միևնույն ժամանակ ՊՍԺ-ն կիսապաշտպանին պաշտոն էր խոստացել ակումբում, եթե վերջինս, ամեն դեպքում, որոշեր խաղակոշիկները մեխից կախել: Կարծես թե լեգենդար ֆուտբոլիստը նախընտրել է երկրորդ տարբերակը:

Հիշեցնենք, որ իր մարզական կարիերայի ընթացքում Բեքհեմը հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», «Ռեալում», «Լոս Անջելես Գելեքսիում», «Միլանում» և ՊՍԺ-ում: Նա Անգլիայի 6-ակի և ՄԼՍ-ի կրկնակի չեմպիոն է, մեկական անգամ հաղթող է դարձել Իսպանիայի և Ֆրանսիայի առաջնություններում: 1999 թ. «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող:

Բեքհեմը մտադիր է ավարտել կարիերան