Ազատամարտիկ. Մենք մեր երկրում փախստականի պես ենք ապրում
16/05/2013 18:04

Ազատամարտիկ. Մենք մեր երկրում փախստականի պես ենք ապրում

Ազատամարտիկների պայքարը երկարատև է լինելու, բայց ոչ թե խնդրողի, այլ` պահանջողի դերում: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց մի քանի օր շարունակ նստացույց արած պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը:

«Մենք ուզում ենք արժանապատիվ ապրել, մենք ոչ մեկից ողորմություն չենք մուրում: Պետությունը պետք է լինի մեր հովանավորը, ոչ թե անհատ բարերարներ: Պետությունը թող իր գործը կատարի, հետո նոր բարեգործները, եթե ցանկանան, թող օգնեն»,- ասաց նա:

Ասուլիսին մասնակից մեկ այլ ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանն էլ իր հերթին ասաց, որ նույն խնդիրն ունեն բոլոր ազատամարտիկները, և «մենք անձնական շահ չենք հետապնդում»:

«Այս ամենի ամբողջ իմաստն այն է, որ բոլոր ազատամարտիկների վիճակը ծանր է, նրանք անօթևան են, ծանր սոցիալական պայմաններում են ապրում, ընտանիքի անդամները սոված ու հիվանդ են: Մենք մեզ մեր երկրում ընկճված ենք զգում: Այնպիսի տպավորություն է, որ ուրիշ երկրից ենք եկել ու փախստականի պես ենք ապրում»,- ասաց նա և հավելեց, թե ղեկավարությանը ներկայացված պահանջները սոցիալ-տնտեսական խնդիրներն են և բնակարանների ապահովման խնդիրը:

Մեկ այլ ազատամարտիկ Ստեփան Ստեփանյանն էլ, ով նույնպես միացել է ազատամարտիկների նախաձեռնած նստացույցին, ասաց, որ բանկը պատրաստվում է իր տունը վերցնել, քանի որ չի կարողանում վերադարձնել վերցրած գյուղացիական վարկը:

«Է թող վերցնեն, ես էլ քաղաքի կենտրոնում մի հատ «պալատկա» կխփեմ, ութ թոռներիս հետ կապրեմ այնտեղ, կդառնամ քաղաքացի, կարկուտից էլ կպրծնեմ»,- ասաց ազատամարտիկը:

 

Ազատամարտիկ. Մենք մեր երկրում փախստականի պես ենք ապրում