Վրացագետ. Վրաստանում նախագահ կընտրվի «Վրացական երազանքի» թեկնածուն
16/05/2013 15:58

Վրացագետ. Վրաստանում նախագահ կընտրվի «Վրացական երազանքի» թեկնածուն

«Վրաստանում նախագահական ընտրությունները կայանելու են հոկտեմբերին և չնայած նոր սահմանադրությամբ Վրաստանը դառնում է խորհրդարանական երկիր ու նախագահական լիազորությունները բավականին կրճատվում են, որոշում կայացվեց ընտրությունները անցկացնել Վրաստանի ամբողջ տարածքում: Նախագահին ընտրելու է ոչ թե խորհրդարանը, այլ ամբողջ ժողովուրդը»,- Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններին և «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիի շանսերին, ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:

Նա նշեց, որ «Վրացական երազանք» կոալիցիան գալիք նախագահական ընտրություններում առաջադրել է Գեորգի Մարգվելաշվիլիի թեկնածությունը, ով Վրաստանի կրթության և գիտության նախարարն է:

«Մայիսի սկզբին «Վրացական երազանք» կոալիցիայի քաղխորհրդի նիստից հետո հայտարարվեց, որ ընտրություններում իրենց միակ թեկնածուն լինելու է փիլիսոփայական գիտությունների դոկտոր Մարգվելաշվիլին»,-նշեց Ջ. Մելիքյանը:

Ըստ նրա՝ դեռևս պարզ չէ, թե ով է լինելու Միխեիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահական թեկնածուն, սակայն սոցիոլոգիական վերջին հարցումները ցույց են տալիս, որ բնակչության 62%-ը նախընտրել էր «Վրացական երազանք» կոալիցիան, իսկ Սահակաշվիլիի կուսակցությունը ստացել էր ընդամենը 9%:

Բանախոսն ասաց, որ ով էլ լինի «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածուն, նա ունի բոլոր շանսերը առաջին փուլում նախագահ ընտրվելու համար:

«Եթե խոսենք քաղաքական ռեյտինգներից, Վրաստանում առաջին տեղում է պատրիարքը, 2-րդ տեղում` 75%-ով Բիձինա Իվանիշվիլին և Սահակաշվիլին ունի մոտ 25 %-ոց ռեյտինգ»,- ասաց նա:

Մելիքյանը հավելեց, որ այդպիսի ռեյտինգներով, Բիձինա Իվանիշվիլիի խոսքը որոշիչ կլինի Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններում:

Նշենք, որ 44-ամյա Գեորգի Մարգվելաշվիլին հանդիսանում է Թբիլիսիի պետական համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետի շրջանավարտ:

1993-1994թթ.-ին նա սովորել է Պրահայի համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում:

Վրացագետ. Վրաստանում նախագահ կընտրվի «Վրացական երազանքի» թեկնածուն