Ավարտվեց ԼՂՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկությունը
16/05/2013 20:54

Ավարտվեց ԼՂՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկությունը

ԼՂՀ Ազգային ժողովի բազմամարտի փոխանցիկ գավաթի հերթական խաղարկությունը մայիսի 16-ին հատեց եզրագիծը։ Այս մասին հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Ստեփանակերտի Ստ. Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում անցկացված միջոցառմանը, որը կազմակերպվել և անցկացվել է խորհրդարանի ու կառավարության համատեղ ջանքերով, մասնակցում էր մայրաքաղաքի և շրջանների հանրակրթական դպրոցների 3-6-րդ դասարանցիներով համալրված ու միջդպրոցական մրցումներում հաղթող ճանաչված 8 թիմ։

Երկօրյա մրցումների արդյունքում, ընդհանուր հաշվարկով, երկրորդ տարին անընդմեջ հաղթող ճանաչվեց Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Արմենակ Խամփերյանցի անվան միջնակարգ դպրոցի թիմը՝ հերթական անգամ նվաճելով ԱԺ փոխանցիկ գավաթը և ստանալով ՀՀ Ազգային ժողովի փոխանցիկ գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունք։

Երկրորդ և երրորդ մրցանակային տեղերը համապատասխանաբար գրավեցին Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի թիմը և Մարտունու շրջանի Սոս, Գիշի, Ղուզե Ճարտար և Բերդաշեն գյուղերի միջնակարգ դպրոցների հավաքական թիմը։

Գավաթի խաղարկության հաղթող թիմերը, ինչպես նաև թիմային և անհատական բարձր ցուցանիշներով աչքի ընկած այլ մասնակիցներ արժանացան Ազգային ժողովի, Կրթության և գիտության նախարարության, Կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի դիպլոմների, պատվոգրերի, դրամական և այլ արժեքավոր պարգևների»:

Ավարտվեց ԼՂՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկությունը