Սուրեն Սուրենյանց. ՀԱԿ-ում և ՀՅԴ-ում առկա է խորը ճգնաժամ
16/05/2013 17:43

Սուրեն Սուրենյանց. ՀԱԿ-ում և ՀՅԴ-ում առկա է խորը ճգնաժամ

«Խորհրդարանական ընդդիմության շրջանում առկա է խորը և ակնհայտ ճգնաժամ, անկախ այն հանգամանքից, թե Երևանի ավագանու ընտրությունները ինչքանով են կեղծվել և կեղծիքները ինչ մաշտաբների են հասել»,- Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմության արձանագրած արդյունքներին և ընդդիմադիր հատվածում տիրող իրավիճակին ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

Նրա խոսքով` խորհրդարանական ընդդիմությունը` ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն ակնհայտորեն Երևանի ավագանու ընտրություններում պարտություն են կրել. «Այս փաստը անուղղակիորեն ընդունում են նաև այս կուսակցությունները, արդարացումներ գտնելով, թե իրենց էլեկտորատի մի մասը արտագաղթել է երկրից, ՀՀԿ-ն ճնշումներ է գործադրել և այլն»,- ասաց քաղաքագետը:

Ս. Սուրենյանցի խոսքով` ընտրողն այս ուժերին չներեց այն բանի համար, որ այս կուսակցությունները մարդկանց միայնակ թողեցին ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ: «Եթե համեմատենք խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրությունները, ապա ԲՀԿ-ն՝ խորհրդարանական ընտրությունների համեմատ, 30.000 ձայն ավելի պակաս է ստացել»,- ասաց բանախոսը:

Ըստ նրա՝ հայ ընտրողների համար նախագահական ընտրությունները գլխավոր ստուգատես են, և երբ ԲՀԿ, ՀԱԿ-ը և ՀՅԴ չմասնակցեցին ընտրություններին, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրողը նրանց պատժեց:

Քաղաքագետը նշեց, որ ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի ձայների մի մասը Երևանի ավագանու ընտրություններում անցել են ԲՀԿ-ին, իսկ «Բարև Երևան» դաշինքը ստացավ գրեթե այնքան ձայն, ինչքան խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

«Եթե նույնիսկ ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի որոշ ձայներ անցել են «Բարև Երևան» դաշինքին, ապա դա շատ սահմանափակ թվով ձայներ են»,- հավելեց Ս. Սուրենյանցը:

Սուրեն Սուրենյանց. ՀԱԿ-ում և ՀՅԴ-ում առկա է խորը ճգնաժամ