Առաջին անգամ արտարժույթով պարտատոմսեր կթողարկվեն
16/05/2013 19:34

Առաջին անգամ արտարժույթով պարտատոմսեր կթողարկվեն

«Այսօր մենք քաղաքական որոշում ենք կայացնում, Հայաստանն առաջին անգամ արտարժույթով պարտատոմսեր է թողարկելու»,- այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նշենք, որ այսօր կառավարությունը հավանություն տվեց միջազգային կապիտալի շուկայում արտարժութային պարտատոմսերի թողարկման հայեցակարգին։ Ըստ հայեցակարգի` եվրապարտատոմսերի առաջին թողարկման նվազագույն արդյունավետ ծավալ է սահմանվելու 500 մլն ԱՄՆ դոլարի պարտատոմսերի թողարկումը` 10 տարի ժամկետով։ Հաջորդ որոշման համաձայն կառավարությունը եվրապարտատոմսեր թողարկելու նպատակով միջազգային իրավախորհրդատուի ծառայության ձեռքբերման պայմանագիր է կնքելու «Cleary Gottlieb Steen & Hamilton LLC» ընկերության հետ, որը տեխնիկական աջակցություն կցուցաբերի և կօժանդակի լավագույնս կազմակերպել եվրապարտատոմսերի թողարկումը։

«Սա նոր էջ է բացում մեր տնտեսական քաղաքականության մեջ ոչ միայն պետական ֆինանսները կառավարելու բնագավառում, այլև մասնավոր հատվածի համար հնարավորություն ենք ընձեռում ֆինանսական շուկաներից ներգրավելու ավելի էժան միջոցներ»,- ասաց վարչապետը և նշեց, որ իջազգային կառույցները մատնանշում էին այն փաստը, որ եթե Հայաստանը չունի միջազգային շուկաներում գնանշված պարտատոմսեր, ապա նրա համար այդ շուկաներից լրացուցիչ ֆինանսական միջոցներ ստանալը լինում է առնվազն 1-1,5 տոկոսով ավելի թանկ։

Տ. Սարգսյանի խոսքով, Հայաստանն առաջին անգամ հայտնվելու ենք միջազգային ֆինանսական շուկայում և կախված երկրի վարկանիշից, տոկոսադրույքները նույնպես կարող են նվազել։

«Եթե տեղաբաշխումն այս տարվա ընթացքում հաջող իրականացվի, մենք մտադիր ենք մարել Ռուսաստանի Դաշնությունից ստացած վարկը, որովհետև այժմ 2B վարկանիշ ունեցող ընկերությունները` հաշվի առնելով շուկայի միջավայրը, կարողանում են ավելի էժան ռեսուրսներ ներգրավել։ Մենք արդեն մեր ռուս գործընկերների հետ այս երկխոսությունը սկսել ենք, ունենք նրանց համաձայնությունը և նաև օժանդակություն, որպեսզի վարկի մարումը լինի սահուն, եթե տոկոսադրույքները լինեն ավելի մեղմ, քան այն տոկոսադրույքներն են, որ այսօր գործում են մեր միջպետական պայմանագրով»,- ասաց վարչապետը:

Առաջին անգամ արտարժույթով պարտատոմսեր կթողարկվեն