.jpg)
Վազգեն Խաչիկյանն ու մյուսները դարձան նաև քաղպատասխանողներ
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով մեղադրող կողմի քաղհայցն ընդունվել է գործը քննող Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի վարույթ: Այսօրվա դատական նիստում նախագահող դատավոր Մխիթար Պապոյանն այս մասին տեղեկացրեց դատավարության մասնակիցներին: Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»:
Հիշեցնենք, որ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազը նաև հայցադիմում է ներկայացրել դատարան` քրեական գործով մեղադրյալներ Վ.Խաչիկյանից, Ա.Աբրահամյանից, Հ.Գրիգորյանից, Վ.Խաչատրյանից, Ս.Էլբակյանից, Հ.Հովհաննիսյանից, Ս.Սարգսյանից, Ա.Սուքիասյանից, Հ.Մարտիրոսյանից, Վ.Գևորգյանից, Հ.Դանիելյանից, Բ.Մուրադյանից և Ա. Խաչատրյանից հօգուտ պետական բյուջեի ընդհանուր` 267.583.336 դրամ բռնագանձելու պահանջի մասին` չվերականգնված վնասի մասով:
Դատարանը մեղադրող կողմին ճանաչեց քաղհայցվոր, իսկ ամբաստանյալներին՝ քաղպատասխանողներ: Նշվեց նաև, որ դատարանը քաղհայցի քննարկմանը կանդրադառնա ապացույցների հետազոտումից հետո:
Այսօրվա դատական նիստում ընդհանուր առմամբ հարցաքննվեցին 17 վկաներ, մայիսի 23-ի նիստում վկաների հարցաքննությունը կշարունակվի: