Ռուսաստանում դատապարտվել է «օրենքով գող» Զաքրո Սուքիազովը
16/05/2013 20:06

Ռուսաստանում դատապարտվել է «օրենքով գող» Զաքրո Սուքիազովը

Բալաշիխայի դատարանը խոշոր չափերի թմրանյութերի պահպանման համար դատապարտել է 54-ամյա «օրենքով գող» Զաքրո Սուքիազովին, ով քրեական աշխարհում հայտնի է Շաքար մականունով: Շաքարը Ռուսաստանի քրեական օրենսգքրի 228-րդ հոդվածի հատկանիշներով դատապարտվել է 3 տարի ազատազրկման:

Այս տարվա փետրվարի 14-ին Շաքարը մերձմոսկովյան Բալաշիխայում ձերբակալվել էր Հայաստանից և Ադրբեջանից իր 2 ընկերների հետ միասին: Անձնական զննության արդյունքում ոստիկանությունը քրեական հեղինակություն Շաքարի մոտ հայտնաբերել է 4.8 գրամ հերոին:

Բազմաթիվ անգամ դատված Զաքրո Սուքիազովը, 1980-ական թթ.-ին դուրս գալով Զլատոուստի բանտից, տեղափոխվում է Վրաստան:

Նշենք, որ Զլատոուստի բանտը գտնվում է Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում և համարվում է խիստ ռեժիմի բանտ, որը հայտնի է այնտեղ իրենց բանտարկությունը անցկացրած քրեական հեղինակություններով:

Զլատոուստ էին ուղարկում ամենավտանգավոր, բազմաթիվ անգամ դատապարտված հանցագործներին և քրեական հեղինակություններին:

Զլատոուստի բանտը համարվել է ԽՍՀՄ-ի ամենադաժան բանտերից մեկը, քանի որ բանտախցերում շատ ցուրտ էր, սնունդը թերի, իսկ աշխատակազմը շատ դաժան էր վերաբերում բանտարկյալներին:

Զլատոուստում են իրենց պատիժը կրել քրեական աշխարհի լեգենդ, «օրենքով գող» Վասյա Բրիլիանտը, 1980-ական թթ.-ին հանրահայտ «օրենքով գող» Դատիկո Ցխելաշվիլին` Դատո Տաշկենտսկին և այլոք:

Զլատոուստից Վրաստան տեղափոխված Շաքարը շարունակում էր սերտ կապեր պահպանել քրեական աշխարհի հեղինակությունների հետ և ըստ որոշ տեղեկությունների, այժմ էլ լավատեղյակ է քրեական աշխարհի անցուդարձին և ներքին խոհանոցին:

Ռուսաստանում դատապարտվել է «օրենքով գող» Զաքրո Սուքիազովը