.jpg)
Ալեք Ենիգոմշյան. Պարտավոր ենք ապրել երազով, որ այն իրականություն դարձնենք
Փառք Աստծո, մեկ տարվա չընտրությունների փուլն ավարտվել է ու բացվել է իսկական աշխատանքի ու պայքարի փուլը: Այս մասին այսօր Ազատության հրապարակում Նախախորհրդարանի հանրահավաքի ժամանակ ասաց ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանը:
«Արդեն շատ խոսվեց, բայց ես էլ կասեմ՝ մեր խնդիրը հիմա ինքնակազմակերպվելն է: Մենք պետք է ստեղծենք զուգահեռ իշխանական կառույցներ ու լեգիտիմացնելով դրանք՝ իշխանությունը ժողովրդին տանք»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը:
«Այս երկրում գազի գինը երկրի քաղաքացին պետք է որոշի: Մենք ամեն գնով պիտի հասնենք դրան: Պիտի հասնենք այն բանին, որ Հայաստանում լինի արդար հարկային ու մաքսային համակարգ, որ բնությունը հարգվի մեր կողմից: Մենք պետք է դադարեցնենք այս չարչի ազգի գործունեությունը: Եվ, վերջապես, Հայաստանում չպիտի լինեն սոված մայրեր ու սոված երեխաներ»,- ասաց ԱՍԱԼԱ-ի մարտիկը:
Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ այսօրվա պայմաններում սա գրեթե անհնարին է թվում, բայց պետք է ապրել լավ կյանքի տեսլականով.
«Մենք պարտավոր ենք ապրել երազով, որ մի օր այդ երազն իրականություն դարձնենք: Մեր բոլոր հաղթանակները երազով են սկսվել: Եթե մեր պապերը չապրեին այդ լավ տեսլականով, ապա ուղղակի չէին դիմանա առօրյա ծանր վիճակին: Մենք էլ պիտի անենք դա»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը:
ԱՍԱԼԱ-ի մարտիկը նշեց, որ Նախախորհրդարանը չի եղել ու չի լինելու կուսակցություն. «Դուք կուսակցական ձեռագիր մեզ մոտ երբեք չեք տեսնի»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը:
Նշենք, որ Ազատության հրապարակում ԱՍԱԼԱ-ի մարտիկին դիմավորեցին չդադարող ծափահարություններով: