.jpg)
Անանչենկո. «Մխիթարյանը նվազագույնը կկրկնի Ստարուխինի ռեկորդը»
1960-ականներին Դոնեցկի «Շախտյորի» ականավոր հարձակվող Անանչենկոն խոսել է Զապորոժիեի «Մետալուրգի» հետ հանքափորների առաջիկա հանդիպման մասին` հատուկ անդրադառնալով նաև Հենրիխ Մխիթարյանի խաղին:
«Կարծում եմ` Լուչեսկուն հանգստանալու հնարավորություն կտա մի շարք առաջատար խաղացողների: Հաստատ խաղադաշտ կմտնի Ֆեռնանդինյոն, ում որակազրկման ժամկետը լրացել է: Այդ հանդիպումը մրցաշարային ոչ մի նշանակություն չունի, բայց իր հեղինակության համար «Շախտյորը» հաստատ կպայքարի: Բացի դրանից, կա մի պահ, որը կապված է Մխիթարյանի հետ: Նա պետք է բարձրացնի ռեկորդային նշաձողը: Հենրիխը դեռ երկու խաղ ունի, որոնցում ձգտելու է առավելագույն քանակով գոլեր խփել:
Մխիթարյանը մեկնարկային հիանալի արագություն ունի, նրա մոտ զարգացած է 6-րդ զգայարանը: Միշտ հայտնվում է այնտեղ, որտեղ անհրաժեշտ է: Թե որքան պահեր չի իրացնում, դա առանձին թեմա է: Վարպետությունը միշտ չէ, որ բավարարում է, այլապես մեր կիսապաշտպանը Մեսսի կլիներ:
Կարծում եմ` Մխիթարյանը նվազագույնը կկրկնի Ստարուխինի ռեկորդը: Դրան հասնելու համար նա դեռ երկու գոլ պետք է խփի: Հետո ամեն ինչ պարզ կդառնա»,- ասել է Անանչենկոն: