.jpg)
Հայաստան-Չինաստան. Հայացք դեպի Արևելք
Հայաստանը իր արտաքին քաղաքական ուղենիշներում արևմտյան և ռուսական ուղղություններին զուգահեռ պետք է ակտիվացնի արևելյան ուղղությունը` հաշվի առնելով օրեցօր աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունները և ուժային նոր կենտրոնների ձևավորումը Արևելքում:
ՀՀ-ը իր Ազգային Անվտանգության ռազմավարությունում կարևորում է Ասիական-խաղաղօվկիանոսյան երկրների հետ հարաբերությունների զարգացումը, մասնավորապես այդ տարածաշրջանի առաջատար երկրների`Չինաստանի, Հնդկաստանի և Ճապոնիայի հետ կապերի ամրապնդումը:
Հայ-չինական դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ.-ի ապրիլի 6-ին, իսկ 1996թ.-ի օգոստոսի 10-ին ՀՀ-ը իր դեսպանատունը բացեց Պեկինում:
Չինաստանը Երևանում դեսպանատուն էր հիմնել ավելի վաղ`1992 թ.-ի հուլիսին:
Երկկողմ հարաբերությունները բավականին ակտիվ զարգացել են վերջին տասնամյակների ընթացքում և Պեկինի ու Երևանի միջև ստորագրվել են մի շարք միջկառավարական համաձայնագրեր բոլոր ոլորտներում`տնտեսական, առևտրային, մշակութային, զբոսաշրջության և այլն:
Հայաստանը Չինաստան է արտահանում հիմնականում հանքանյութ, իսկ Չինաստանիւց ներմուծվող ապրանքները ավելի բազմազան են`հագուստ, մեքենաշինական և քիմիական արտադրանք, սարքավորումներ, շինանյութ և այլն:
Երևանը իր արտաքին քաղաքական ուղենիշներն դիվերսիֆիկացնելու և եվրո-ատլանտյան ու ռուսական ուղղություններին զուգահեռ պետք է խորացնի ռազմավարական հարաբերությունները Պեկինի հետ, ինչի համար կան լավ նախադրյալներ և ընդհանուր աշխարհաքաղաքական մարտահրավերներ, որոնք գալիս են Թուրքիայից և նրա պանթուրքիստական ու նեոօսմանական արտաքին քաղաքական առաջնահերթություններից:
Չինաստանը դարձել է համաշխարհային գործընթացներում իր ուրույն տեղը զբաղեցնող և միջազգային քաղաքականության մեջ իր հաստատուն տեղը գրաված երկիր, որը շատ փորձագետների գնահատականներով իր տնտեսական պոտենցիալով մոտակա 20 տարում գերազանցելու է ԱՄՆ-ին, որին այժմ զիջում է և համարվում աշխարհի 2-րդ տնտեսությունը:
Չինաստանը 21-րդ դարում համարվում է աշխարհի ուժային կենտրոններից, բևեռներից մեկը, ում հետ հաշվի են նստում թե Արևմուտքում, թե Արևելքում:
Հանդիսանալով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 5 մշտական անդամներից մեկը`վետոյի իրավունքով, Պեկինը կարող է`Մոսկվային զուգահեռ, Երևանի համար նոր դաշնակից դառնալ ՄԱԿ-ում`հակահայկական բանաձևերին իր վետոյի իրավունքի կիրառման և այդպիսի բանաձևերը արգելափակելու տեսանկյունից:
Հայ-չինական ռազմավարական շահերից և ազգային-անվտանգության տրամաբանությունից է բխում պանթուրքական ծրագրերի կանխարգելելը: Չպետք է մոռանալ, որ Չինաստանը իր տարածքում ունենալով Սինցզյան-Ույգուրական ինքնավար մարզ, բնակեցված թուրքական ույգուր ցեղախմբով, շատ հաճախ է բախվում այդ տարածաշրջանում անջատողական և հակաչինական շարժումների հետ:
Տեղեկություններ կան, որ այդ շարժումները, պանթուրքիստական և Թուրքեստան պետության ստեղծման դրոշի ներքո, անուղղակի, իսկ շատ դեպքերում ուղղակի խրախուսվում և դրդվում են Թուրքիայի կողմից:
Անկարան շատ զգայուն է վերաբերվում Պեկինի կողմից Սինցզյանում կարգուկանոնի հաստատման գործողություններին և շատ հաճախ դատապարտում չինական գործողությունները այդ շրջանում:
Հայաստանը Հարավային Կովկասում բախվելով թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական քաղաքականությանը և պանթուրքիստական նոր նկրտումներին, կարող է տարածաշրջանում դառնալ Պեկինի ռազմավարական դաշնակիցը, որը կզսպի պանթուրքիստական ալիքը, որը Հայաստանի թուլացման պարագայում Կասպյան-կենտրոնական ասիական տարածաշրջանները ընդգրկելով կհասնի Չինաստանի հյուսիս-արևմտյան, թուրքաբնակ շրջաններ:
Պետք է աշխատանքներ տանել չինական ներդրումները, չինական կապիտալը Հայաստան բերելու համար, քանի որ Պեկինը վերջին տասնամյակների տնտեսական վերելքից հետո բազմամիլիարդանոց ներդրումներ է կատարում Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, Եվրոպայում, ԱՊՀ-ի մի շարք երկրներում`Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա:
Եթե 2004-2008թթ.-ի ընթացքում Չինաստանի ուղիղ ներդրումները այլ երկրներում կազմել են 1 միլիարդ դոլար, ապա 2011թ.-ին`10 միլիարդ:
Չինական կողմին, որը հանդիսանում է Ասիական զարգացման բանկի հիմնական վարկատուներից մեկը`Ճապոնիայի և ԱՄՆ-ին հետ միասին, անհրաժեշտ է ներգրավել Հայաստան-Իրան երկաթգծի շինարարության մեջ, ինչը կապահովի Չինաստանի երկարաժամկետ ներկայությունը տարածաշրջանում և կամրապնդի Չինաստանի կապերը Իրանի հետ, որից Պեկինը նավթ է գնում:
Այսպիսով, Չինաստանի գերտերություն դառնալու և տարբեր աշխարհամասերում իր ռազմավարական դաշնակիցներն ու ազդեցությունը ունենալու ցանկությունը և ռազմավարությունը, ուղիղ ներդրումների համար համապատասխան շուկաների փնտրտուքը ու պանթուրքիստական վտանգի առկայությունը կարելի է օգտագործել հայ-չինական հարաբերությունների խորացման համար լավագույն նախադրյալներ, հիմք ապահովելու համար:
Ուժային բոլոր կենտրոնների հետ հարաբերությունների ամրապնդումը բխում է Հայաստանի շահերից և ավելի ճկուն է դարձնում ու խուսանավելու տեղ թողնում հայկական դիվանագիտությանը: