Գ. Մակարյան. Գազի գինը հարվածելու է փոքր և միջին ձեռնարկություններին
17/05/2013 16:40

Գ. Մակարյան. Գազի գինը հարվածելու է փոքր և միջին ձեռնարկություններին

Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է էներգակիրներից, իսկ գազի սակագնի բարձրացման պարագայում տնտեսության որոշ ճյուղեր կամ պետք է տեղավորվեն իրենց շահույթի շրջանակներում` հանքարդյունաբերություն, իսկ այլ ճյուղեր կա՛մ պետք է թանկացնեն ապրանքը` չգնողականության պարագայում, կա՛մ պետք է փակվեն:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գազի գնի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա իր տեսակետը ներկայացրեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Բանախոսի մտավախությունը հատկապես փոքր և միջին բիզնեսն էր. մոտ 80 հազար բիզնես-միավորների շարքում հիմնական տեղ է գրավում այս շերտը, որին էլ գազի սակագնի բարձացումը ցավոտ հարված կհասցնի:

Այս իրավիճակը Գագիկ Մակարյանը դիտարկեց Շրջանառության մասին օրենքի ֆոնին, որի դեպքում՝ փոքր և միջին բիզնեսը ավելի շատ հարկ է վաճարում, քան մինչև այդ. բացի հարկային պարտավորությունների ու գազի սակագնի բարձրացման հարվածից, այս հատվածը պետք է նաև 10 հազար դարմով բարձրացնի աշխատավարձերը. այժմ շրջանառվում է նվազագույն աշխատավարձի բարձրացում՝ մինչև 45 հազար դրամ, որի պարագայում ՓՄՁ-ները մեծապես կտուժեն:

Ինչ վերաբերում է բնակչության վրա գազի գնի ազդեցությանը, ապա մարդիկ, ովքեր մինչև այդ փայտ էին գործածում ձմռանը, գազի սակագնի բարձրացումից, նաև էլեկտրաէներգիայի թանկացումից հետո` էներգակիրների խնայողություններ կանեն, որի դեպքում էլ ավելի կմեծանա ճնշումը անտառների վրա: