.jpg)
Ո՞վ է Հիլալ Մամեդովը. Իրանի լրտե՞ս, քաղբանտարկյա՞լ, թմրամո՞լ, անջատողակա՞ն
«Թալիշի Սադո» թերթի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովը շուրջ մեկ տարի է, ինչ ձերբակալված է: Այս մասին նշված է պարսկալեզու «haqqyolu.com» կայքում թողարկված հոդվածում:
Հոդվածի հեղինակը, անդրադառնալով Մամեդովի ձերբակալությանը, մասնավորապես նշում է. «Շուրջ մեկ տարի է, ինչ «Թալիշի Սադո» թերթի գլխավոր խմբագիրը գտնվում է Ադրբեջանի բանտերից մեկում: Վերջերս Ադրբեջանի իշխանությունները հրապարակել են 1993թ. Թալիշ-Մուղանյան Հանրապետության հռչակման ժամանակ Մամեդովի ելույթը, ինչն էլ ենթադրում է, որ հնարավոր է, որ նրան ավելի ծանր մեղադրանք ներկայացվի»:
Պարսկալեզու աղբյուրի հաղորդմամբ՝ Ադրբեջանի «Խաղաղության և ժողովրդավարության» ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը, անդրադառնալով վերոնշյալ փաստին, նշել է, որ Հիլալ Մամեդովը քաղաքական բանտարկյալ է: Ըստ հոդվածի՝ անկախ իրավապաշտպանները և Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը ևս իրենց բողոքն են արտահայտել և դատապարտել Մամեդովի ձերբակալման փաստը:
Հոդվածի հեղինակը, մատնանշելով Մամեդովին ներկայացված մեղադրանքները, հարց է տալիս. «Ո՞վ է Հիլալ Մամեդովը. Իրանի լրտե՞ս, քաղբանտարկյա՞լ, թմրամո՞լ թ՞ե անջատողական»:
Հիշեցնենք, որ վերջերս իրանական «TV Iran Aryaee» հեռուստաալիքն «Թալիշները Բաքվի շովինիստական ռեժիմի տիրապետության ներքո» հաղորդման շրջանակներում անդրադարձել էր Ադրբեջանի Հանրապետությունում ապրող թալիշների խնդիրներին: