Իրաքյան մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է գնացել 32 մարդ
17/05/2013 21:11

Իրաքյան մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է գնացել 32 մարդ

Առնվազն 32 մարդ է զոհվել, 40-ը՝ վիրավորվել, Բաղդադից 50 կմ հյուսիս-արևելք գտնվող սունիական Բաքուբա մզկիթում որոտացած պայթյունների հետևանքով: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Հաղորդվում է, որ երկու ռումբերը տեղադրված են եղել մզկիթի ճանապարհին և գործի են դրվել այն պահին, երբ հավատացյալները ուրբաթօրյա աղոթքից հետո դուրս են եկել մզկիթից:

Վերջին շրջանում Իրաքում նկատվում է ահաբեկչական գործողությունների աճ: Այսպես, մայիսի 15-ին և 16-ին Իրաքի տարբեր շրջաններում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհ էր գնացել 40 մարդ: Նույնիսկ Իրաքում ՄԱԿ-ի առաքելությունը հայտարարել էր, որ ապրիլ ամիսը վերջին 5 տարվա ընթացքում ամենաարյունոտն է եղել:

Նշենք, որ Իրաքում գնալով ավելի են սրվում սուննի-շիա հարաբերությունները, որոնք գալիս են պատմության խորքից: Դեռ Սադամ Հուսեյնի կառավարման տարիներին սունիները Իրաքի պետական ապարատում զբաղեցրել էին բարձր պաշտոններ, սակայն 2003 թվականին՝ ԱՄՆ ներխուժումից և Սադամ Հուսեյնի բռնապետության տապալումից հետո, իշխանության եկան շիաները: Նրանք զբաղեցրեցին մի շարք կարևոր պետական պաշտոններ, որը, բնականաբար, առաջացրեց սունիների դժգոհությունը:
 

Իրաքյան մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է գնացել 32 մարդ