.jpg)
Ժիրայր Սեֆիլյան. Երկրից գնալ չկա. Մենք սկսում ենք
Ռեժիմն այսքան տարի պահպանել է իր դիրքերը ոչ այն պատճառով, որ ուժեղ է, այլ այն բանի համար, որ ընդդիմադիր դաշտն է անկազմակերպ եղել: Այս մասին այսօր Ազատության հրապարակում Նախախորհրդարանի հանրահավաքի ժամանակ ասաց Շուշի առանձնակի գումարտակի հրամանատար, Նախախորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
«Առանց կռիվ տալու ու պայքարելու՝ հնարավոր չէ հայրենիք ազատագրել: Մեր առաջին կռիվն ինքնակազմակերպվելը պիտի լինի: Եթե 25 տարի առաջ կազմակերպումը մեզ անհրաժեշտ էր Արցախ ազատագրելու համար, ապա այժմ կազմակերպվում ենք հանուն հայրենիքի անկախության»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանն ու ավելացրեց, որ պայքարի ծրագիրը կա՝ մնում է միայն կամավորների խմբեր ստեղծել:
«Ծրագիրն անիմաստ կլինի, եթե մենք չկարողանանք դրան միս ու արյուն, պայքարող հոգիներ ու ամուր մկաններ տալ: Ընդ որում միավորումն ու համախմբումը սկսվել է նաև Սփյուռքում: Արտերկրում արդեն «Վերածնունդ» անվանումով շարժում է սկսվել: Վստահ եմ, որ այս շարժման անդամները գիտակցում են իրենց անելիքն ու իրենց առջև դրված խնդիրները»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը նշեց, որ Նախախորհրդարանի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հուլիսի 12-ին՝ Ազատության հրապարակում:
«Մինչ այդ ամեն երկու շաբաթը մեկ՝ ուրբաթ օրերին ժամը 19-ին, Ազատության հրապարակում կունենանք իրազեկող հանդիպում-քննարկումներ: Երկրից գնալ չկա, մենք սկսում ենք»,- ավարտեց Ժիրայր Սեֆիլյանը: