Ա. Փերենջիև. Ռևանշը դառնում է Ադրբեջանի ազգային գաղափարը
17/05/2013 20:38

Ա. Փերենջիև. Ռևանշը դառնում է Ադրբեջանի ազգային գաղափարը

«Վեստի.ազը» զրուցել է քաղաքագետ, Ռուսաստանի ռազմական քաղաքագետների ասոցիացիայի փորձագետ Ալեքսանդր Փերենջիևի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցը որոշ կրճատումներով:

Ա. Փերենջիևը, անդրադառնալով Բաքվի վարած քաղաքականությանն ու ղարաբաղյան պատերազմի վերսկսման հավանականությանը, նշել է.

«Ներկայումս ադրբեջանական հասարակության մեջ կայուն կարծիք է ձևավորվել, որ պաշտոնական Բաքուն պետք է ամեն հնարավորն ու անհնարինն անի՝ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանի ու Ղարաբաղի միջև գտնվող տարածքներն իր վերահսկողության տակ վերադարձնելու համար:

Այդ առումով, ռազմական գործողությունները վերսկսելու կոչերն ավելի բարձր են հնչում: Ըստ էության, ղարաբաղյան գործոնը սկսել է լուրջ ազդեցություն ունենալ Ադրբեջանի ղեկավարության, հատկապես՝ Իլհամ Ալիևի, լեգիտիմության (հանրության կողմից աջակցության և ներկա իշխանություններին հնազանդվելու պատրաստակամության առումով) մակարդակի վրա:

Ձևավորված պայմաններում պաշտոնական Բաքուն, նույնիսկ եթե չցանկանար Հայաստանի դեմ վերսկսել ռազմական գործողությունները, միևնույն է, ստիպված է ցուցադրել կորցրած տարածքները վերադարձնելու իր վճառականությունը: Այդ պատճառով Ադրբեջանի քաղաքական բարձր ղեկավարությունն անընդհատ ցուցադրում է իր հասարակությանը, որ ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցներն այդ ուղղությամբ. գնում է նոր զինատեսակներ, անցկացնում է զորավարժություններ, «Ռազմական դրության մասին» օրենքում փոփոխություններ է կատարում և այլն:

Սակայն, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված քաղաքական իրավիճակի պերմանենտ անվճռականությունը պաշտոնական Բաքվի համար արդեն նպաստում է այն բանին, որ ադրբեջանական հասարակության մեջ` սկսած քաղաքական էլիտայի ներկայացուցիչներից, ավելի հաճախ են քննադատում բարձր ղեկավարությանն այն բանի համար, որ վերջիններս չեն ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ ու, չդրսևորելով վճռականություն, «ձգում են ռետինը»: Մի խոսքով՝ ռևանշը դառնում է Ադրբեջանի ազգային գաղափարախոսությունը:

Միևնույն ժամանակ, այդ գաղափարը ինքնաբերաբար դառնում է բազային քաղաքական պլատֆորմ՝ Իլհամ Ալիևի հիմնական հակառակորդների համար` նախագահական աթոռի համար պայքարում: Ադրբեջանի ընդդիմադիր ուժերի կարգախոսը` «Ընտրեք ինձ և ես կվերադարձնեմ Լեռնային Ղարաբաղը» իրականություն է դառնում:

Ինչպես բազմիցս նշել եմ, արևմտյան մի քանի գործընկերների ծրագրերում կա Ադրբեջանի հասարակության ու իշխանությունների մեջ կուտակված վճռականությունն ու էներգիան ուղղել պաշտոնական Թեհրանի դեմ պայքարին: Ըստ որում, այդ նպատակներին հասնելու համար նրանք մտադիր են հենվել նաև Հայաստանի հետ համագործակցության վրա: Այդպիսի աշխատանքներ պաշտոնական Երևանի հետ արդեն տարվում են ՆԱՏՕ-ական կառույցների կողմից: Հավանական է, որ տարբեր միջազգային սուբյեկտներ արդեն մշակել են Հարավային Կովկասի զարգացումների իրենց սցենարները և արդեն գործում են դրանց համապատասխան: Բայց ամեն դեպքում Ռուսաստանին այս տարածաշրջանում խաղաղություն է հարկավոր: Առավել ևս, որ առջևում Սոչիի օլիմպիադան է: Այս անհանգիստ տարածաշրջանում ձմեռային օլիմպիական խաղերի օրերին խաղաղության ու կայունության պահպանման անհրաժեշտությունը պաշտոնական Մոսկվային դրդում է Մեծ Բրիտանիայի հետ համագործակցել 2014 թվականի ամենահարգի սպորտային մրցումների անվտանգության ապահովման ոլորտում: Իմ մոտ այն տպավորությունն է, որ Ռուսաստանի բարձր ղեկավարությունը մեծ հույսեր է կապում արևմտյան գործընկերների օգնության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական հակամարտության զսպման վրա նրանց ազդեցության հետ»:

Ա. Փերենջիևը, անդրադառնալով Իրանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի անդամ Մեհդի Սանաիի հայտարարությանը, թե` Ադրբեջանից փորձում են պատրաստել Իրանի թշնամիների համար հենակայան, նշել է.

«Ցավոք, ադրբեջանա-իրանական հարաբերություններում միտումը հակառակ ուղղությամբ է: Պաշտոնական Բաքուն և Թեհրանն ավելի ու ավելի են հեռանում իրարից: Ադրբեջանը լայն համագործակցություն է զարգացնում Իսրայելի` Իրանի ատելի թշնամու հետ: Իր հերթին, պաշտոնական Թեհրանն աջակցում է Հայաստանին` պաշտոնական Բաքվի թշնամուն: Ըստ որում, երկու կողմերն էլ գոնե այս պահի դրությամբ չեն ձգտում փոխել այդ բացասական միտումը իրենց հարաբերություններում»:

Ա. Փերենջիև. Ռևանշը դառնում է Ադրբեջանի ազգային գաղափարը