«Իշխանությունը չի կարող միանձնյա որոշել սակագին, որը ձեռնտու է ժողովրդին»
20/05/2013 12:50

«Իշխանությունը չի կարող միանձնյա որոշել սակագին, որը ձեռնտու է ժողովրդին»

ԱԺ նիստերի մեկնարկին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը գազի գնի բարձրացման վերաբերյալ հարց ուղղեց խորհրդարանի ղեկավար Հովիկ Աբրահամյանին.

«Դուք, որպես ԱԺ նախագահ և ՀՀԿ անդամ, ի՞նչ եք ձեռնարկելու, որ թանկացումը տեղի չունենա, թե Դուք կողմնակից եք, որ գինը բարձանա և սուբսիդավորվի»:

Հարցին ի պատասխան, Հ. Աբրահամյանը հայտնեց, որ իր նախաձեռնությամբ մայիսի 23-ին վարչապետի, էներգետիկայի նախարարի և այլ պաշտոնատար անձանց հետ տեղի է ունենալու հանդիպում. «Կփորձենք հասկանալ սակագնի բարձրացման գործընթացը: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ կարող եմ անել, ապա գազը ապրանք է և ներմուծվում է արտերկրից և յուրաքանչյուր ապրանք ունի իր գինը:

Այնպես չէ նաև, որ Հայաստանի իշխանությունները կարող են միահեծան, միանձնյա որոշումներ կայացնել, որ սակագինը լինի այն գնով, որը ձեռնտու է ժողովրդին»:

Շարունակելով խոսքը` Հ. Աբրահամյանն ասաց, որ վարչապետը, իշխանությունները բանակցություններ են վարում ռուսական պետական մարմինների հետ, որպեսզի հնարավորինս ցածր գնով ներմուծվի գազը:

Պատգամավոր Զ. Փոստանջյանը ԱԺ նախագահին հարցրեց, թե չի կարծո՞ւմ, որ այս ամենը արտաքին դիվանագիտության հետևանք է. «Չեք կարծո՞ւմ, որ սա հենց Ձեր կողմից, ԱԺ-ի կողմից բացթողում է, որ մենք չկարողացանք պետական շահն առաջ մղել»:

Տիկին Փոստանջյանն օրինակ բերեց ռուսական ռազմաբազային անվարձահատույց տրված հողերը` նկատելով, որ «մենք մեր ապրանքը նրանց տվել ենք անվճար, իսկ տվյալ դեպքում Ռուսաստանն իր ապրանքը մեզ վրա վաճառում է ահռելի գնով»:

«Չեք կարծում, որ սա Ձեր կողմից, Ձեր ապաշնորհ քաղաքականության հետևանքով է»,- պատգամավորն իր հարցը կրկին ուղղեց Հ. Աբրահամյանին:

Ի պատասխան ԱԺ նախագահը միտքը ձևակերպեց կարճ. «Ոչ, չեմ կարծում»:
 

«Իշխանությունը չի կարող միանձնյա որոշել սակագին, որը ձեռնտու է ժողովրդին»