.jpg)
Թուրքագետ. Օբաման մերժել է Էրդողանին`Սիրիայում անթռիչք գոտու հարցում
«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Վաշինգտոն նախատեսված էր դեռևս 2 ամիս առաջ, իսկ այցի հիմնական թեման, Օբամա-Էրդողան քննարկումների մեխը Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններն են եղել»,-Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ կատարած այցին, ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:
Նա նշեց, որ Օբաման և Էրդողանը քննարկել են նաև Մերձավոր Արևելքում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը:
«Թուրքիան ԱՄՆ-ին առաջարկել է թուրք-սիրիական սահմանին անթռիչք գոտի ստեղծել, սակայն ըստ դիվանագիտական աղբյուրների, ամերիկյան կողմը՝ Բարաք Օբաման մերժել է Էրդողանի այդ առաջարկը»,-ասաց թուրքագետը:
Ա. Իսպիրյանը նշեց, որ հաջորդ խնդիրը, որը քննարկվել է երկկողմ հանդիպման ընթացքում Էրդողանի Գազայի հատված նախատեսված այցն էր:
«Ստամբուլ կատարած այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին այդ այցի հետ կապված հայտարարել էր, որ ԱՄՆ-ը չի ցանկանա, որպեսզի Էրդողանը այցելի Գազա, սակայն Օբամա-Էրդողան հանդիպման ընթացքում հնարավոր է եղել գալ համաձայնության և Թուրքիայի վարչապետը հունիսին կայցելի Գազայի հատված»,-նշեց բանախոսը:
Ըստ նրա՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտաքին հարաբերությունների պատասխանատուն Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Էրդողանը և Օբաման Վաշինգտոնում քննարկել են նաև ղարաբաղյան հիմնահարցը:
«Տարիների փորձը ցույց է տալիս, որ Թուրքիան փորձում է խցկվել ղարաբաղյան բանակցային գործընթաց և աշխարհին ցույց տալ, թե ինչ որ դերակատարում ունի այդ հարցում»,-ասաց Ա. Իսպիրյանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թուրքիան շարունակում է համարվել ԱՄՆ-ի գլխավոր ռազմաքաղաքական դաշնակիցը տարածաշրջանում, ելնելով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներից, բաանախոսը պատասխանեց, որ Անկարան շարունակում է տարածաշրջանում Իսրայելի հետ միասին համարվել Վաշինգտոնի գլխավոր ռազմաքաղաքական դաշնակիցները:
«Թուրքիայի և Իսրայելի նկատմամբ ԱՄՆ-ի մոտեցումները տարբեր են, սակայն 2 երկրներն էլ մտնում են ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքական գլխավոր դերակատարների մեջ»,-հավելեց բանախոսը: