.jpg)
Ադրբեջանում իսլամիստները պատրաստվում են բողոքի ցույց անցկացնել
Ադրբեջանում ձերբակալված աստվածաբան Թալե Բաղըրզադեի պաշտպանության կոմիտեն որոշել է ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալությունների դեմ բողոքի նոր ակցիա կազմակերպել: Ակցիան ծրագրվում է անցկացնել հունիսի 1-ին` Բաքվի Բայիլ ավանում:
Ինչպես հայտնում է «Medern.az»-ը, ակցիայի նպատակը «ReAl» շարժման ղեկավար Իլգար Մամեդովի, «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Թոֆիգ Յագուբլուի, կրոնական ներկայացուցիչ Թալե Բաղըրզադեի, «NIDA» շարժման անդամների և այլ ակտիվիստների ձերբակալության դեմ բողոքն է:
Ցույցն անցկացվելու է «Վերջ դնել ապօրինի ձերբակալություններին», «Անմիջապես ազատել ապօրինի ձերբակալվածներին», «Չենք հանդուրժելու սահմանադրական իրավունքի և մեր ազատության ոտնահարումները» կարգախոսների ներքո: Ակցիայի հետ կապված սոցիալական ցանցերում արշավ է սկսվել:
Հիշեցնենք, որ «Ադրբեջանն առանց քաղբանտարկյալների» հասարակական միության ներկայացուցիչ Օկտայ Գյուլալիևը նշել է, որ 2013 թվականին Ադրբեջանում ցույցերում մասնակցելու, քաղաքական ու իրավապաշտպան գործունեություն վարելու պատճառով մոտ 40 հոգի է ձերբակալվել: Ըստ նրա տվյալների, Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասնում է հարյուրի: