.jpg)
Der Spiegel. Սարսափ՝ փոփ-կրկեսից հետո. Ալիևը երկիրը տանում է դեպի միջնադար
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած «Եվրատեսիլ-2012»-ից մեկ տարի անց և երկրում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ, որոնցում հերթական անգամ կառաջադրվի պետության գործող ղեկավար Իլհամ Ալիևը, Der Spiegel ամսագիրը որոշել է ուսումնասիրել երկրում տեղի ունեցող իրադարձությունները, «որոնք չեն լուսաբանվում Ադրբեջանի սահմաններից դուրս գործող ԶԼՄ-ներում: Այդ նպատակով պարբերականը դիմել է ադրբեջանցի ընդդիմադիրների և ակտիվիստների օգնությանը»:
«Ընտրություններից առաջ երիտասարդների որս է սկսվել: Ուժեղացել են ճնշումները լրագրողների, քաղաքական գործիչների և այլախոհ մարդկանց վրա: Վտանգի մեջ է յուրաքանչյուրը, ով ինչ-որ բան կասի համակարգի դեմ: Թմրանյութեր են գցում ընդդիմադիրների գրպանները, որպեսզի նրանց ձերբակալելու պատճառ ունենան:
Բանտերը լի են պարկեշտ, լավ կրթություն ունեցող և խիզախ, մարդկանցով, որոնք պայքարում են ժողովրդավարության համար: Սակայն նրանք բոլորը դատապարտված են մեկ հոդվածով՝ թմրանյութերի անօրինական պահում»,- նշել է ադրբեջանցի գրող Ալեքփեր Ալիևը:
Այն, որ երկրում գրքեր են այրում և հետապնդում են գրողների, Ալիևի մոտ «մռայլ հիշողություններ» է արթնացնում:
«Նախագահ Իլհամ Ալիևը երկիրը տանում է դեպի միջնադար, ընդ որում՝ դա տեղի է ունենում արևմտյան կազմակերպությունների համաձայնությամբ»,- նշել է վերջինս:
««Եվրատեսիլ-2012»-ը երկրում շատ բան փոխեց: Հասարակությունը սկսեց հարցեր տալ, մարդիկ սկսեցին ցույցերի գնալ և քննադատության ենթարկել կառավարության գործունեությունը, ինչի հետևանքով Ադրբեջանի ղեկավարությունը սկսեց վախենալ սեփական ժողովրդից»,- նշել է լրագրող Խադիջա Իսմայիլովան:
«Ադրբեջանական ընդդիմադիր թերթերից մեկի հրատարակչին ձերբակալեցին հանրապետության կառավարության հասցեին ուղղված անմեղ կատակի համար: Ավելի ուշ նրա մոտ հերոին հայտնաբերվեց: Իսկ «Խուրալ» ընդդիմադիր թերթի խմբագրին դատապարտեցին ինը տարվա ազատազրկման՝ հորինված մեղադրանքով:
Դատարանի առաջ պետք է կանգնեն «NIDA» քաղաքացիական շարժման յոթ ակտիվիստներ, որոնց մեղադրում են անկարգություններին մասնակցելու և թմրանյութ պահելու համար:
«Ազադլիգ» ընդդիմադիր թերթի քաղաքական խմբագիր Վիդադի Մամեդովը բողոքում է՝ ասելով, որ կառավարությունը փորձում է ցանկացած եղանակով «կոտրել» թերթը»,-գրում է պարբերականը:
«2012թ. թերթի դեմ, իբրև թե, զրպարտության համար չորս դատական հայց է ներկայացվել: Այժմ թերթը պետք է վճարի 30 հազար մանաթ (29 հազար եվրո)»,-նշել է վերջինս:
Մամեդովի խոսքերով՝ եթե նման տուգանքները շարունակվեն, խմբագրությունը ստիպված կլինի դադարեցնել գործունեությունը: Նա ընդգծել է, որ երբեմն հարձակումներ են իրականացվում լրագրողների դեմ:
«2012թ. աշնանը Ադրբեջանում ցրել են յոթ խաղաղ ցույց: Ոստիկանությունը սկսել է ավելի դաժան գործել: Մեր մարդկանց ծեծում են, ցուցարարների դեմ կիրառում են ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ: Ցույցերին մասնակցելու համար տուգանքը կազմում է միջինը 2000 եվրո, ինչը շատ է ուսանողների համար: Բողոքի ակցիաներն արգելված են ոչ միայն փողոցներում:
Վերահսկողության տակ են Ադրբեջանի ներկայի ղեկավարության հակառակորդների առանձին հանդիպումները»,-նշել է «Ադրբեջանի ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին: