.jpg)
Հ. Թովմասյան. Հայաստանի խորհրդարանը մտնում է դասական քաղաքական պայքարի փուլ
Ազգային ժողովում շարունակվում է կառավարության ծրագրի քննարկումը: Խորհրդարանական ընդդիմության պատգամավորների քննադատական հայատարարությունները, սակայն, ընդմիջվեցին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ելույթով, որը, ինչպես ներկայացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, արտահերթ ելույթ է:
Հ. Թովմասյանն ասաց, որ հետևել է տարբեր երկրների խորհրդարաններում կառավարության ծրագրերի քննարկմանը, եկել է այն համոզման, որ որևէ տարբերություն չկա` նույն քննադատություններն են, նույնաբովանդակ ելույթներն ու հռետորական հարցադրումները:
«Ուրախալի է, որ Հայաստանի խորհրդարանը մտնում է դասական քաղաքական պայքարի փուլ և ուրախալի է, որ հնչող հարցադրումների մեջ խորը մտահոգություն կա»,- ասաց նախարարը և ավելացրեց, թե Հայաստանն իր ամենամեծ ձեռքբերումներն ունեցել է, երբ չկար այդ դասական քաղաքականությունը, երբ բոլորն իշխանություն ու ընդդիմություն էին, արցախյան գոյամարտի պայքարում:
Հ. Թովմասյանը հիշեցրեց կառավարության ծրագրի հիմնական դրույթները՝ ընդգծելով, որ իրենք գուցե ինչ-որ թվեր սխալ են գրել, բայց հենց իրենք են, որ խոսել են այդ սխալների մասին:
Նա համաձայն չէ այն մտքի հետ, թե իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի իշխանության մնան. «Մենք մտածում ենք վաղն ապահով Հայաստան ունենալու մասին, քանի որ իշխանություններն ու ընդդիմությունը հավերժ չեն, և իշխանությունների արատավոր լինելու մասին չպետք է հիշել միայն այն ժամանակ, երբ դու իշխանություն չես»:
Նշենք, որ կառավարության ծրագրի քննարկումն ընդհատվեց ոչ միայն նախարար Հ. Թովմասյանի ելույթով, այլև քննարկվեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության առաջարկած օրինագիծը: