«ՀՀԿ-ն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ նրա հետ որևէ բանակցություն անիմաստ է»
21/05/2013 19:34

«ՀՀԿ-ն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ նրա հետ որևէ բանակցություն անիմաստ է»

Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը հաղորդագրություն է տարածել, որը 2013թ. մայիսի 21-ին ԱԺ նիստում հնչեցվել է ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանի կողմից.

«2008 մարտի 1-ին տեղի ունեցած ոճրագործությունը, երբ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իշխանությունները հրաման տվեցին կրակելու սեփական ժողովրդի վրա, ստեղծել է բարոյական ջրբաժան, որը թույլ չի տալու մեր հասարակությանն առաջ շարժվել այնքան ժամանակ, մինչև չեն պատժվել մարդասպանները և նրանց հրաման տված պաշտոնյաները: Մարտի 1-ի հանցագործությունը ջրբաժան է ստեղծել ժողովրդի և պետական իշխանության միջև: Որևէ իշխանություն երբեք չի կարողանա լեգիտիմ լինել և վայելել ժողովրդի վստահությունը, եթե մինչև վերջ պարզված չլինեն սպանությունների հանգամանքներն ու պատժված չլինեն հանցագործները: Այդ է պատճառը, թե ինչու Հայ Ազգային Կոնգրեսը հետևողականորեն հետապնդում է մարտի 1-ի բացահայտման դատը:

Իրավապահ մարմինների ապօրինություններն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողով ստեղծելու՝ Կոնգրեսի օրինագիծը ստացավ հանրության և խորհրդարանում ներկայացված ուժերի լայն աջակցությունը: Հասկանալով նախագծի մերժման պատասխանատվությունը ստանձնելու հետևանքները, ՀՀԿ-ն դեկտեմբերի 3-ին հրապարակային երաշխիք տվեց, որ կհամաձայնվի հանձնաժողովի ստեղծմանը, եթե օրինագծից հեռացվեն քաղաքականացման տպավորություն առաջացնող դրույթները և հարցի քննարկումը տեղափոխվի ընտրություններից հետո, նույնպես այն նպատակով, որ նախագահական ընտրությունների նախօրեին հարցը չդառնա քաղաքական շահարկումների առիթ: Հայ Ազգային Կոնգրեսը ղեկավարվելով ճշմարտությունը բացահայտելու անհրաժեշտության գիտակցումով, ինչպես նաև ընդդիմախոսների դիրքորոշումը որևէ տրամաբանական հիմնավորումից զրկելու նպատակով, համաձայնեց ՀՀԿ-ի տված երաշխիքներին:

Մայիսի 20-ին երկարատեւ բանակցություններից հետո ՀՀԿ-ն բացեիբաց դրժեց իր իսկ հրապարակայնորեն տրված խոստումները, առաջ քաշելով նոր պայմաններ, որոնք արժեզրկում էին հանձնաժողովը որպես ճշմարտության բացահայտման գործիք: Սրանով ռեժիմը ցույց տվեց, որ սարսափում է ճշմարտության բացահայտումից և օրինագծին դեմ քվեարկած պատգամավորների միջոցով իր վրա վերցրեց մարտի 1-ի հանցագործության և նրա պարտակման ամբողջ պատասխանատվությունը:

Ըստ էության, Հայ Ազգային Կոնգրեսը, ելնելով հանրության շահերից և ունենալով ընդդիմադիր այլ ուժերի աջակցությունը, առաջին անգամ ԱԺ-ում պայմանավորվածություն ձեռք բերեց ՀՀԿ-ի հետ: Վերջինիս պահվածքը, սակայն, ցույց տվեց, որ մենք գործ ունենք անսկզբունքային, սեփական խոսքը չհարգող, անհուսալի մի քաղաքական ուժի հետ: Հրապարակայնորեն տրորելով բարոյականության բոլոր նորմերը, ՀՀԿ-ն խաբեց ոչ թե ընդդիմությանը, այլ՝ ամբողջ հանրությանը, որի առջև պարտավորվել էր նպաստել մարտի 1-ի հանցագործության բացահայտմանը: ՀՀԿ-ն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ նրա հետ որևէ բանակցություն անիմաստ է: Այսուհետև զարմանալի չէ, որ անգամ արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը ձեռք է բերել անհուսալի գործընկերոջ համբավ»,- ասված է հաղորդագրության մեջ:

«ՀՀԿ-ն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ նրա հետ որևէ բանակցություն անիմաստ է»