.jpg)
Ռաուլ. «2 անգամ մերժել եմ «Բարսելոնին»
Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլը պատմել է, որ «Արքայական ակումբում» հանդես գալու տարիներին իրեն 2 անգամ ցանկացել է ձեռք բերել «Բարսելոնը»: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
«Բարսելոնը» 2 անգամ հանդես է եկել առաջարկով` ցանկանալով գնել իմ տրանսֆերը, բայց ես, ինչպես իսկական մադրիդցի, արմատախիլ եմ արել կատալոնցիների բոլոր փորձերը: Ես երբեք հանդես չէի գա «Բարսելոնում», քանի որ դա սկզբունքային հարց էր: Մադրիդն իմ հարազատ քաղաքն է, այնտեղ են ապրում իմ ընտանիքն ու ընկերները: Միայն այն միտքը, որ ես կարող էի խաղադաշտ դուրս գալ կապտանռնագույն մարզաշապիկով, արդեն իսկ աններելի էր:
Երկար և հաջողված ֆուտբոլային կարիերայիս համար ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարզիչներին, ում հետ աշխատել եմ` առանձնացնելով Ֆաբիո Կապելլոյին և Խորխե Վալդանոյին: Նրանք ֆանտաստիկ մասնագետներ են, շատ տարբեր մյուսներից և առանձնահատուկ` իրենց աշխատելաոճով: Կապելլոն տիպիկ իտալացի մարզիչ է, շատ լուրջ և պրոֆեսիոնալ, իսկական հաղթող:
Վալդանոն, երևի թե, ամենաբարի մարդկանցից մեկն է, ում ես ճանաչում եմ: Երբեք չեմ մոռանա նրա հետ երկար զրույցները: Ի դեպ` հենց Վալդանոյի օրոք եմ նշել իմ նորամուտը` «Ռեալի» առաջին թիմում»,- նշել է իսպանական ֆուտբոլի խորհրդանիշը:
Հիշեցնենք, որ «Ռեալի» կազմում Ռաուլը հանդես է եկել 16 մրցաշրջան: Այդ ընթացքում նա մասնակցել է 550 հանդիպման և դարձել 228 գոլի հեղինակ: